Ռուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սոցիալական ցանցերում հայերը տարբեր տեսանյութեր են տարածում:
«Մի քանի ժամվա մեջ Մոսկվայի շրջանի տարբեր հատվածներից, տարբեր տեղերից մեր հայությունը եկել հասել է այստեղ: Անձամբ ես քառասուն կիլոմետր քշել, եկել եմ այստեղ, որ մեր գյուղացու քրտինքը չընկնի ջուրը: Մի քանի ժամում ամբողջ ծիրանը վաճառվել է»,-տեսանյութերից մեկում ասում է քաղաքացին:
Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կան, որ այդ ամենի հետ կարող են կապ ունենալ ադրբեջանցիները: Հայաստանում պատասխանատու մարմինները տեղյակ են խնդրին։ Կարգավորման ուղղությամբ քայլեր են կատարվում` խնդրի շուտափույթ լուծման ակնկալիքով։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են Ռուսաստանում ադրբեջանցիները անզորությունից հայկական ծիրան գնում և այն ճզմում:
Աննա Գրիգորյան