Armtimes.com ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը կալանավորվել է:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան այս մասին տեղեկացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը:
Կալանավորելու որոշումը այսօր կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրրոսյանի նախագահությամբ՝ այդպիսով բավարարելով Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Գեւորգ Նարինյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այս պահին դեռ հայտնի չէ՝ կոնկրետ ինչում է մեղադրվում դատավորը: ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրին միայն, որ դրա վերաբերյալ առաջիկայում պաշտոնական հաղորդագրություն կլինի:
Մեր տեղեկություններով՝ Գեւորգ Նարինյանը 2 օր առաջ ինքնավնասման փորձ էր արել եւ տեղափոխվել «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»: Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Նարինյանն իրենց դիմել է հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը եւ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Թե ինչ վնասվածքներ է նա ունեցել՝ Դանիելյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դրանք անձի անհատական տվյալներ են:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին դատախազությունը հայտնեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Ժամեր անց ԲԴԽ-ն տեղեկացրեց, որ քննության առնելով միջնորդությունները՝ որոշել է համաձայնություն տալ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:
ԱԱԾ-ն միջնորդություն է ներակայցրել նաեւ դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Աննա Մաթեւոսյանին: Միջնորդության վերաբերյալ որոշում դեռեւս չկա:
Նարինյանն ու Կուբանյանը Սնանկության դատարանի դատավոր են 2018 թվականից: