Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովն ընդունեց Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հիմնական փոփոխությունը

Հուլիսի 17-ի ուշ երեկոյան Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովն ընդունեց Կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերս) կողմից առաջարկված հիմնական փոփոխությունը՝ 2021թ.-ի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության վավերացման ակտի (NDAA) քննարկման ժամանակ, հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Կոնգրեսական Փալոնի փոփոխությունը, որը համահովանավորում էին Կոնգրեսականներ՝ Զոի Լոֆգրենը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), պահանջում է զեկույց Պաշտպանության քարտուղարի կողմից՝ համագործակցելով Պետական քարտուղարի հետ, որը կանդրադառնա այն պնդումներին, թե օտարերկրյա պետությունների որոշ ստորաբաժանումներ, որոնք մասնակցել են անվտանգության համագործակցության ծրագրերին՝ U.S.C. (Գործընկերային կարողությունների ամրապնդման ծրագիր) 10-րդ խորագրի 333 Բանաձևի շրջանակներում, հնարավոր է նույնպես միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տված լինեն՝ ԱՄՆ-ի անվտանգության աջակցություն ստանալու ընթացքում կամ մինչ այդ: Այս զեկույցում ներառված կլինեն նաև մարդու իրավունքների թեմայով վերապատրաստման բարելավմանն ուղղված առաջարկություններ և լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են ընդունվել՝ այս տեսակ խախտումները կանխելու համար:

2016թ.-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորականները սպանեցին 12-ամյա մի տղայի, գլխատեցին զինվորի և դաժանաբար սպանեցին տարեց հայ զույգի: Հայաստանի կառավարությունը ապացույցներ ուներ, որ այդ վայրագությունների համար պատասխանատուները ստացել էին ԱՄՆ-ի վերապատրաստում: Ադրբեջանն ունի զարհուրելի մարդու իրավունքների արձանագրություն, որի մասին վկայում է Հայաստանի դեմ իր վերջին ու մահացու հարձակումն, որը սկսվեց հուլիսի 12-ին, թիրախավորելով քաղաքացիական տարածքներ Հայաստանի Տավուշի մարզում՝ Բերդ քաղաքը և Այգեպար, Չինարի ու Մովսես գյուղերը ու նաև սպառնալով թիրախավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը: Անցյալ ամիս Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Սենատոր Բոբ Մենենդեզի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Կառավարության հաշվետվողականության գրասենյակին (GAO) ուղղված մի նամակում, պահանջել էր գնահատում՝ Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օժանդակության չափի և բնույթի վերաբերյալ, ներառյալ՝ արդյոք որևէ օժանդակություն «օգտագործվել է Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակվողական նպատակներով կամ կարող էր այդպիսի հարձակվողական նպատակների հնարավորություն տալ՝ թեկուզ անուղղակիորեն»:

Ընթացք ստանալով Կանոնների հաձնաժողովի կողմից՝ Կոնգրեսական Փալոնի փոփոխությունը կքննարկվի այս շաբաթ՝ ամբողջ Ներկայացուցիչների պալատի կողմից NDAA-ի քննարկման ընթացքում:

Փոփոխություններն, որոնք առաջարկվել էին Կոնգրեսական Շերմանի կողմից՝ արգելել ֆինանսական միջոցներ օգտագործել Ադրբեջանին պաշտպանական զինամթերք կամ ծառայություններ փոխանցելու համար և Կոնգրեսական Սփիրի կողմից՝ վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական ֆինանսավորման հավասարության վաղեմի քաղաքականությունը, Կանոնների հանձնաժողովի կողմից ընթացք չստացան:

«Մենք ողջունում ենք Կոնգրեսականներ Փալոնին, Շերմանին և Սփիրին` ժամանակին արված իրենց նախաձեռնությունների համար: Ադրբեջանի կողմից ներկայիս ագրեսիայի գործողությունները, ներառյալ սպառնալիքները` թիրախավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, հայ ժողովրդի դեմ երկարատև թշնամանքի մոդելի շարունակությունն են: Հաշվի առնելով այս վերջին հարձակումը և խորապես մտահոգիչ զարգացումները, մենք կոչ ենք անում Կոնգրեսի բոլոր անդամներին դատապարտել Ադրբեջանի հարձակումները, ներառյալ՝ մանկապարտեզների անբացատրելի թիրախավորումը»,– հայտարարեց գործադիր տնօրեն Բրայան Արդունին: