Իլհամ Ալիևը ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ»

Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել, թե «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»: Այս մասին գրում է minval.az կայքը: 

Ադրբեջանի նախագահը նշել է, թե իբր «Ադրբեջանը Հայաստանին կործանիչ հարված է հասցրել, ինչից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանն ու ոչ մի արդյունքի չի հասել»: 
Ըստ Ալիևի` ՀԱՊԿ-ին դիմելուց առաջ «Հայաստանը պետք է հիշի, թե ինչպես է վիրավորել այդ կառույցը` առանց համաձայնեցնելու մյուս երկրների հետ ձերբակալելով կառույցի գլխավոր քարտուղարին»: 

Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4:

 

Հիշեցնենք,որ հայկական կողմը ՀԱՊԿ-ին չի դիմել օգնության համար: 

ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ, եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է: Այս մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ ՀԱՊԿ արձագանքին:

 

auroranews.am