Էրդողանը Հռոմի պապին հրավիրել է այցելել Սուրբ Սոֆիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է այցելել Սուրբ Սոֆիա՝ հայտնում է Anadolou գործակալությունը:

Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինի՝ Անկարան բոլորին, այդ թվում՝ Ֆրանցիսկոս պապին, հրավիրել է մզկիթ:

Անցյալ շաբաթ Ֆրանցիսկոս պապը դատապարտել էր Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը: «Ես մտածում եմ Սուրբա Սոֆիայի մասին և շատ եմ տխրում»,- ասել էր հովվապետը:

«Մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի մուսուլմանական աղոթքների ժամանակ խճանկարները ծածկվեն, և դրանց ձեռք չտան: Մեր նպատակն է, որ խճանկարները, պատկերները, շենքի ճարտարապետությունը չվնասվեն»,- ասել է Քալինը CNN-ին:

Թուրք պաշտոնյան նշել է, որ Այա Սոֆիա մզկիթը բաց կլինի ցանկացած կրոնի հավատացյալների՝ մահմեդականների, քրիստոնյաների, բուդդայականների, ինչպես նաև ոչ հավատացյալների, այսինքն՝ բոլորի համար:

«Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու արձագանքը հիմնված է հին հայացքների ու նախապաշարմունքների վրա: Թուրքիայում կրոնական ազատություն է»,- ընդգծել է Քալինը:

Այա Սոֆիա մզկիթը նամազի համար կբացվի հուլիսի 24-ին: Կորոնավիրուսային համաճարակի պատճառով առաջին նամազին կմասնակցեն սահմանափակ թվով մարդիկ,  այդ թվում՝ նախագահ Էրդողանը:

 

 

 

 

 

auroranews.am