Ապօրինի գույքի բռնագանձման և սնանկության վարույթների հարաբերակցությունը կկանոնակարգվի

Հօգուտ պետության կբռնագանձվի չհիմնավորվող հարստությունը: Այս տարի ապրիլի 16-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմ սահմանվեց 50 միլիոն դրամը։ Դատախազության համակարգում արդեն ձևավորվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանումը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի և սնանկության վարույթի հարաբերակցությունը կանոնակարգելու նպատակով արդարադատության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հուլիսի 7-20-ը շրջանառության մեջ էր դրել նոր նախագիծ: Այն վերաբերում էր «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն: 

1lurer.am-ի հետ զրույցում  ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետ Անի Վարդերեսյանը,  անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի և սնանկության վարույթի հարաբերակցությունը կանոնակարգելու առումով, ասաց.

«Քանի որ սնանկության գործի առկայության պայմաններում պարտապանի գույքին առնչվող բոլոր պահանջները միանում են և քննվում սնանկության գործի շրջանակներում, նախագիծը նախ նպատակ է հետապնդում այս կանոնից բացառելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը։ Հաշվի առնելով մասնագիտացվածության անհրաժեշտությունը և գործերի ծավալը՝ նախատեսվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը կարող են քննվել սնանկության գործին զուգահեռ՝ այլ դատավորի կողմից։ Այս պայմաններում առաջանում է անհրաժեշտություն կարգավորելու երկու դատավարությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության արդյունավետ փոխանակումը և դրանց հարաբերակցությանն առնչվող այլ հարցեր, ինչն էլ հենց այս նախագծի նպատակն է»։

Առաջարկվում է բացառել քաղաքացիական գործերը սնանկության գործի հետ քննելը և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննությունը թողնել  մասնագիտացած դատավորներին։ Վարդերեսյանն ասաց, որ նախագծի հիմնավորումներում ամփոփված է նաև միջազգային փորձը: Նա շեշտեց, որ փորձը ցույց է տվել, որ ակտիվների քաղաքացիական բռնագանձման գործերը չեն կարճվում և չեն փոխանցվում սնանկության դատարանին։ Այս առումով, ըստ փորձագետի,  կարելի է հղում կատարել, օրինակ՝ Ավտրալիայի կամ ԱՄՆ օրենսդրական կարգավորումներին։

Նախագծում նշվում է, որ Իռլանդիայի օրենսդրությունն արգելում է անձին սնանկ ճանաչելուց հետո պարտապանին պատկանող գույքի վերաբերյալ կայացնել արգելադրման կամ բռնագանձման դատական ակտ։ «Ի՞նչ պատկեր կլինի մեզ մոտ օրենսդրական փոփոխություններից հետո» հարցին ի պատասխան Վարդերեսյանն ասաց, որ  հիմնավորումներում ամփոփված են ինչպես Իռլանդիայի որդեգրած մոդելը, այնպես էլ գույքի բռնագանձման առնչությամբ ավելի խիստ մոտեցումներ ունեցող պետությունների փորձը։ Օրինակ՝ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ գույքը, որը որոշվում է բռնագանձել, ցանկացած փուլում կարող է հանվել պարտապանին պատկանող գույքի ծավալից։

«Այս առումով նախագիծը նպատակ է հետապնդում առաջարկելու առավել հավասարակշռված մոտեցում։ Այն է՝ բռնագանձման մասին դատական ակտը, որը կկայացվի անձին սնանկ ճանաչելուց հետո, կկատարվի բարեխիղճ պարտատերերի պահանջների բավարարումից հետո։ Ամեն դեպքում, դեռ քննարկվում են նախագծի առնչությամբ ստացված առաջարկները, որոնց արդյունքում կարող են փոփոխություններ կատարվել առաջարկվող կարգավորումներում»,- ասաց Անի Վարդերեսյանը։

Վարդերեսյանն ընդգծեց, որ բոլոր բարեխիղճ պարտատերերի շահերը և նրանց օրինական պահանջը պաշտպանված են ինչպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, այնպես էլ սնանկության վարույթում։

Հեղինակ`Նարե Ոսկանյան
1lurer.am