Կառավարությունը հավանություն տվեց «Լիցենզավորման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը բարձրացնելու պահանջով: Նախագծերով առաջարկվում է, մասնավորապես, լիցենզավորել հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով:
ՀՀ կառավարությանն օրենքով կտրվի լիազորություն սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը: Կսահմանվեն վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողներին: Արդյունքում կկարգավորվեն ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացները: Կբարձրանա նաև այդ աշխատանքները կատարող անձնակազմերի որակավորումը և գազավառելիքային համակարգով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը: