Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց կհնչի երգահան, երգիչ Կոմիտաս վարդապետի երաժշտությունը։
Երեւանի ավագանու «ԻՄ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց, որ նամակով դիմել էր քաղաքապետ Հայկ Մարությանին եւ այժմ, մշակույթի գծով փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանից ստացել է դրական պատասխան: «Առաջարկս ողջունվել է եւ կարծես թե շուտով իրականություն կդառնա։ Կոմիտասի արձանի մոտ հատուկ տեխնիկայի միջոցով երեկոյան ժամերին մեր քաղաքացիները կլսեն անզուգական երաժշտին»,- ասաց նա:
Ավագանու անդամը միաժամանակ նկատեց՝ գաղափարը դեռ նախնական փուլում է ու պետք է քննարկեն, թե ինչ որակի եւ արտադրանքի տեխնիկա են ձեռքբերելու, որպեսզի բարձր որակ ապահովեն։ Զաքարյանը նաեւ հայտնեց, որ երեկվա ֆեսյբուքյան իր գրառումից հետո արդեն քաղաքացիներ են արձագանքել, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսապես աջակցել։
Լեւոն Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե նախնական հաշվարկով ինչքա՞ն գումար է պահանջվում գաղափարն իրագործելու համար եւ արդյո՞ք համայնքային բյուջեում կա այն: Վերջինս նշեց, որ դեռ հաշվարկված չէ, սակայն արձագանքներից դատելով կարելի է ենթադրել, որ առանձին անհատների ֆինանսական աջակցությունների հաշվին էլ կարելի է իրագործել, իսկ եթե ոչ՝ ապա դեռ քննարկել է պետք:
armtimes.com