Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մասնակի է բավարարել Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ մանրամասնելով, որ Եվրոպական դատարանը չի բավարարել դիմումատուի՝ ՀՀ-ն լքելու եւ վիրահատական միջամտությունը արտերկրում ստանալու պահանջը.
«Որոշման մեջ հստակ նշված է՝ Կառավարությունը պետք է ապահովի, որ դիմումատուն, իր առողջական վիճակով պայմանավորված, պատշաճ բուժօգնություն ստանա Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, քաղաքացիական հիվանդանոցում: Դիմումատուին պետք է հնարավորություն ընձեռվի ՀՀ-ում կազմակերպել զննություն եւ բուժում իր ընտրած բժիշկների, այդ թվում՝ արտասահմանյան բժիշկների կողմից, որը պետք է իրականացվի իր հաշվին եւ դարձյալ Հայաստանում: Եվ նաեւ պետք է ապահովվի, որ դիմումատուն ստանա ֆիզիոթերապիա, ինչպես որ բժիշկները նշանակել են»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այս ընթացքում իրականացվել են մի շարք փորձաքննություններ՝ առողջական վիճակը, վիրահատության հրատապությունը պարզելու համար. «Ամեն դեպքում, դատարանը չի բավարարել այդ պահանջը՝ նաեւ հաշվի առնելով այդ բոլոր ապացույցները, որ ներկայացվել են. վիրահատության, դրա հրատապության մասին որոշման մեջ այս պահին խոսք չկա»:
Հիշեցնենք՝ Խաչատրյանի պաշտպանական թիմը երեկհայտարարեց, որ ՄԻԵԴ-ը բավարարել է իրենց միջանկյալ միջոց կիրառելու դիմումը եւ ՀՀ-ին պարտավորեցրել համարժեք բուժմամբ ապահովել: Մեր զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ թեեւ ՄԻԵԴ-ը խնդիր է դրել՝ բուժումն իրականացնել Հայաստանում, սակայն նախկինում փաստվել է, որ դրա հնարավորությունը չունեն: Պաշտպանն ակնկալում էր, որ Գագիկ Խաչատրյանին անհապաղ կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց:
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.
— Պարո՛ն Կիրակոսյան, ի՞նչ հարցեր էր ՄԻԵԴ-ը հղել Կառավարությանը, եւ ի՞նչ պատասխաններն են տրվել դրանց:
— Վերջին հարցերին անդրադառնամ. խոսքը վերաբերում էր վերջերս իրականացրած հանձնաժողովային փորձաքննությանը, որոշակի հարցեր էին հղվել դրանում ներգրավված փորձագետների անաչառության հետ կապված, որոնց վերաբերյալ Կառավարությունը իր դիրքորոշումը ներկայացրել է: Պետք է նշեմ, որ այս գործընթացները Քրեակատարողական ծառայությունը, արդարադատության նախարարությունը իրականացնում են, այսինքն՝ դիմումատուն պարբերաբար զննվում է, անհրաժեշտ դեղամիջոցներն են տրամադրվում, եղել է դեպք, օրինակ, երբ ՔԿՀ-ն առաջարկել է անցնել ֆիզիոթերապիա, բայց նա հրաժարվել էր:
— Ըստ պաշտպանների՝ այդ փորձաքննությունը մեկ օրվա ընթացքում է իրականացվել եւ տվել է նախորդ փորձաքննություններին հակասող պատասխան. եթե նախկինում ասվում էր, որ վիրահատության կարիք ունի, նոր փորձաքննությամբ դա չի հաստատվել: Այս առումով ի՞նչ կարող եք ասել:
— Եթե խոսքը վարույթն իրականացնող մարմնի փորձաքննությունների մասին է, կարծում եմ՝ իրենք ավելի լավ կպատասխան Ձեր հարցին, ես չեմ կարող մանրամասնել փորձաքննության արդյունքները, որովհետեւ դա իմ իրավասության սահմաններից դուրս է, բայց այն, ինչ արձանագրվել է այս փորձաքննությամբ, արձանագրվել է նախորդներով էլ, ոչ մի հակասություն չկա: Ես ենթադրում եմ՝ պաշտպանները նկատի ունեն կոնսուլիումի եզրակացությունը, որը մեկ տարի առաջ է իրականացվել, եւ որտեղ խոսվում է վիրահատության, ինչպես նաեւ՝ այն մասին, որ կա վիրահատական հատուկ գործիքների կիրառման անհրաժեշտություն՝ վիրահատությունը ՀՀ-ում իրականացնելու համար: Բայց այդ գործիքների առկայության պարագայում վիրահատությունը ՀՀ-ում իրականացնելը ոչ մի փորձաքննությամբ, այդ թվում՝ այդ կոնսիլիումով, անհնար չի համարվել, հիմնական խոչըդնոտը դրանց կամ համանման գործիքների բացակայությունն են:
— Այդ դեպքում ինչպե՞ս է, որ նախորդ տարի վիրահատության անհրաժեշտության մասին խոսվել է:
— Ես չեմ կարող մտնել փորձագետների մասնագիտական դաշտ եւ գնահատականներ տալ, պարզապես արձանագրում եմ այն, ինչ եղել է եզրակացություններով: Ամեն դեպքում, դրանից հետո մենք ունենք մի քանի փորձաքննություններ, որոնցով հաստատվել է այն, ինչ ասվել է վերջին փորձաքննության մեջ, իսկ դրանում հստակ փաստվում է, որ չկա վիրահատության անհրաժեշտություն, եւ դրա առաջանալու դեպքում դա կարող է իրականացվել ՀՀ-ում: Եվ նաեւ փաստվել է, որ անհրաժեշտ բուժումը կարող է ստանալ անազատության պայմաններում:
— Իսկ այդ հատուկ գործիքները Հայաստան բերելու պարտականությունը ո՞ւմ վրա է:
— Կոնկրետ պարտականություն այս պահին չկա, բայց անհրաժեշտություն առաջանալու դեպքում որոշում կկայացվի: Եվրոպական դատարանն էլ շեշտել է, որ անձն իր ընտրությամբ բժիշկների, այդ թվում՝ արտասահման մասնագետների կողմից ՀՀ-ում զննվելու եւ իր հաշվին բուժվելու իրավունք ունի: Երբ հարցը կհասնի դրան, այդ ժամանակ ավելի պարզ կլինի:
— Ի՞նչ է ակնկալվում այս պահին Կառավարությունից, առաջնահերթ ի՞նչ պիտի արվի:
— Այս պահին դեռ քննարկումներ են ընթանում ե՛ւ նախարարության, ե՛ւ վարույթն իրականացնող մարմնի հետ, բնականաբար, բոլոր միջոցները, որ բխում են դիմումատուի առողջությունից, ձեռնարկվել են եւ կշարունակվեն ձեռնարկվել: Այդ ամենից հետո Կառավարությունը պետք է հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետն է, ձեռնարկված քայլերի մասին ՄԻԵԴ-ին տեղեկություն տրամադրի, որը, իհարկե, կարվի:
— Ենթադրվո՞ւմ է, որ Գագիկ Խաչատրյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց:
— Չեմ կարող ասել. նախ, որոշման մեջ այդպիսի հստակ պահանջ չկա, արձանագրված է, որ եթե այդպիսի անհրաժեշտություն կլինի… Դա արդեն բժիշկները պիտի գնահատեն, բայց այս պահին, եթե չեմ սխալվում, դիմումատուն քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել էր ՔԿՀ՝ նաեւ հիմք ընդունելով, որ բուժումը, որ ստանում էր քաղաքացիական հիվանդանոցում, կարելի է կազմակերպել ՔԿՀ-ում:
armtimes.com