Ոստիկանները բացահայտել են հերթական «թմրաշղթան». հայտնաբերվել է մի քանի կիլոգրամ հերոին ու հրազեն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ձեռք բերած օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Կենտրոնական բաժնի ծառայողների հետ հայտնաբերեցին և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդու` թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 9 գրամից ավելի հերոին։

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածը հերոինը ձեռք է բերել մայրաքաղաքում բնակվող 44-ամյա մի տղամարդուց, որը նույնպես հայտնաբերվեց։ Նրա բնակարանի խուզարկությամբ ևս հերոին հայտնաբերվեց՝ դարձյալ 9 գրամից ավելի քաշով։

 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվեցին, որոնց շնորհիվ պարզվեց, թե 44-ամյա տղամարդն ումից է ձեռք բերել հերոինը։ Խոսքը Արմավիրի մարզում հաշվառված, 53-ամյա մի տղամարդու մասին է, որը նույնպես հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա խուզարկությամբ ու մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով հերոինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարվեց նաև նրա եղբոր բնակարանում, որտեղից հայտնաբերվեց 16 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված, իսկ տան բակում՝ 935 գրամ հերոին։ Նույն քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների ընթացքում 53-ամյա տղամարդը իրավապահներին ներկայացրեց 1 կիլոգրամ 471 գրամ հերոին, որը դրված էր Երևանի Շիրակի փողոցում տեղակայված արագաչափ սարքի մոտ։

 

Շարունակված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզեցին, որ 53-ամյա տղամարդը հերոինը ձեռք է բերել Երևանում բնակվող 35-ամյա մի տղամարդուց, որը հայտնաբերվեց։ Նորք-Մարաշի նրա տան տանիքում հայտնաբերվեց 1 կիլոգրամ 700 գրամ հերոին, ինչպես և թմբուկավոր ատրճանակ, փամփուշտներ ու սվին-դանակ։

Հարուցված քրեական գործերի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։