«Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը հուլիսի 12-ից ՀՀ սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիան լուրջ հարված է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ այդ քայլով Ադրբեջանը զրոյացրեց նախկինում տեղի ունեցած բոլոր հանդիպումները, քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Սա ադրբեջանական կողմից բավական լուրջ հարված էր բանակցային գործընթացին: 2016թ. հետո իրականացված բոլոր հանդիպումների ու քննարկումների զրոյացում: Բոլոր պայմանավորվածությունները, քայլերը, Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև Ալիևի հայտարարությունները զրոյացրեցին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Եթե ինչ-որ պահի վերսկսվելու լինի բանակցային գործընթացը, ապա պետք է սկսվի զրոյական կետից»,- ասաց Հովհաննիսյանը:
Ադրբեջանագետը նշեց, որ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները ցույց տվեցին, որ հայկական Զինված ուժերը բավական արդյունավետ են գործում, օգտագործելով նաև Հայաստանում արդիականացված կամ արտադրվող զինատեսակները: Մյուս կողմից նաև շատ հստակ կերպով ցույց տրվեց, որ ադրբեջանական կողմի հետ հարաբերություններում խաղաղությունը պահպանելու համար բավականին կարևոր է նաև ռազմական գործողությունների ընթացքում արդյունավետ գործողությունների վարումը:
«Ադրբեջանական կողմը չի հրաժարվելու ռազմական սադրանքով խնդիրը «լուծելու» իր մարտավարությունից: Բանակցային գործընթացը կարևոր է, սակայն ադրբեջանական կողմը, ելնելով իր մշակած ռազմավարությունից, չի դադարեցնելու ռազմական ճանապարհով խնդիրը «լուծելու» իր փորձերը: Հստակ կերպով ցույց տրվեց, որ այս իրավիճակում հրամայական է հրադադարի հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը` խուսափելու համար այն իրավիճակներից, երբ միջնորդ երկրները, հենվելով կողմերից եկող հայտարարոթյունների վրա, կատարում են շատ ավելի չեզոք և որևէ հստակ բան չասող հայտարարությունները: Նրանք նշում են, որ չունեն չեզոք տեղեկություններ` հասկանալու համար, թե կողմերից որ մեկն է գնացել սադրանքի»,- նշեց Տարոն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի պաշտոնից Էլմար Մամեդյարովի հեռանալուն, Հովհաննիսյանը նշեց, որ Ալիևը Մամեդյարովին պատրաստել էր, որպես «քավության նոխազ»:
«Վերջին առնվազն 2-3 ամիսների ընթացքում զգացվում էր, որ Իլհամ Ալիևը, որպես քավության նոխազ, պատրաստում էր Էլմար Մամեդյարովին նմանատիպ իրավիճակների համար, երբ ինքը կհայտնվի փակուղային իրավիճակում և կկարողանա մեղքը բարդել հենց Մամեդյարովի վրա: Էլմար Մամեդյարովին աշխատանքից հեռացնելը բանակցային գործընթացի արդյունքները զրոյացնելու շրջանակներում էր: Մամեդյարովին աշխատանքից ազատելով, փորձեց պարտությունը բարդել դիվանագիտական կորպուսի վրա, հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է կանգնում, բոլոր, այդ թվում հումանիտար պայմանավորվածություններից, որոնց շուրջ քննարկումներ է անցկացրել Էլմար Մամեդյարովը: Նոր արտգործնախարար Բայրամովի նշանակումը ցույց է տալիս, որ նա առավելապես զբաղված է լինելու քարոզչական գործունեությամբ: Ասելու և անելու է այն, ինչ Իլհամ Ալիևը կհրամայի»,- ասաց ադրբեջանագետը:
«Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետի խոսքով` վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած գործողություններն Ադրբեջանի համար խնդիրներ են առաջացրել և առաջացնելու նաև միջազգային դաշտում:
«Միջազգային դաշտում բավական լուրջ քննարկումների արժանացավ Ադրբեջանի ՊՆ խոսնակի` Մեծամորի ատոմակայանի հետ կապված հայտարարությունը, մեր քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ նրանց ոտնձգությունները բավական լավ լուսաբանվեցին: Միջազգային մամուլում բավական լավ շրջանառվեց այն պարզաբանումը, թե Ադրբեջանի քարոզչությունը, որ հայկական կողմը հարվածում է իրենց խաղաղ բնակավայրերին, բավական մեծ բացեր ունի այն առումով, որ իրենց բնակավայրերի մոտ տեղակայված են հրետանային մարտկոցներ, որտեղից կրակ են վարում Հայաստանի ուղղությամբ, փաստացի, որպես կենդանի վահան օգտագործելով Ադրբեջանի բնակչությանը: Այս գործողությունների ու տեղեկատվական բաղադրիչի արդյունքում Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունեցավ և կունենա միջազգային դաշտում` առնվազն հիմնական խաղացողների շրջանում իր քաղաքականությունն ու քարոզչությունը վարելու հարցում»,- նշեց Հովհաննիսյանը:
Տարոն Հովհաննիսյանն Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների օրերին եղել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում: Նա հերքում է ադրբեջանական մամուլում և սոցցանցերում տարածվող այն լուրերը, թե սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում առկա է խուճապ:
«Ես բոլոր օրերի ընթացքում շրջել եմ սահմանամերձ բնակավայրերում, զրուցել եմ բնակիչների հետ: Ադրբեջանական կողմը կրակում է նրանց տների վրա, բայց որևէ խուճապային տրամադրության մասին խոսք չի կարող լինել: Տարիների ընթացքում գյուղերի բնակիչները կոփվել են նմանատիպ իրադրությունների համար»,- ասաց փորձագետը:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշիավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներկրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
Նորայր Շողիկյան