Պաշտպանության նախարարությունը նախատեսում է սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։
Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ինչպես հայտնել է պաշտպանության նախարարությունը՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
Վարժական հավաքներին ներգրավվելու է 786 քաղաքացի, որոնցից 524-ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով»-,-նախագծում նշել է Պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը հավելել է, որ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ, ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Հետագա տարիներին վարժական հավաքներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:
auroranews.am