Ռազմական ագրեսիայի դեպքում Թուրքիան չի միանա Ադրբեջանին. Մակունց

«Սեփական ուժերի և սեփական զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով՝ Ադրբեջանի իշխանությունները հնարավորինս անում են առավելագույնը, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում: Բայց ես կարծում եմ, որ Թուրքիան չի գնա նման քայլի և որևէ կերպ կողմ չի հանդիսանա»,- հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

Ըստ նրա՝ երբ խոսքը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին է, Թուրքիայի՝ կողմ դառնալու պարագայում դա աշխարհում ընկալվելու է Ցեղասպանության համատեքստում: «Այն պարագայում, երբ աշխարհի շատ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում ներգրավված է տարբեր կոնֆլիկտներում, Թուրքիայի գործողությունները չեն ընկալվելու շատ պետությունների կողմից»,- ասաց Մակունցը:

Հեղինակ`Նարե Ոսկանյան
1lurer.am