Արցախի անվտանգության խորհուրդը մշակելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ մշակելու են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ:

«ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. փաստաթուղթ, որն արտացոլում է համահայկականության անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց հաղթահարման սկզբունքներն ու եղանակները:

Հայաստանի Հանրապետության անվտանգային քաղաքականության այս ուղեցույցում համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչ Արցախին անդրադարձ է կատարվում առանձին`«Արցախի անվտանգության ապահովում» ենթագլխով, որը ոչ պատահականորեն զուգորդվում է Հայասատանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ:

Համաշխարհային և տարածաշրջանային փոխակերպումները, որոնք իրենց արտացոլումն են գտել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն մեջ, այնուհանդերձ չեն փոխել Հայաստանի պատկերացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության` որպես ՀՀ գլխավոր մարտահրավերի և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման` որպես ՀՀ հիմնական սպառնալիքի վերաբերյալ, որով և վերահաստատվում է Արցախի անվտանգության երաշխավոր լինելը:

Արցախի Հանրապետությունը այս համատեքստում շարունակելու է գործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝  հետևյալի հատկանշմամբ.

  1. Հավատարիմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը` մենք  շարունակում ենք հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից:

  2. Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրերում, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը լինելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում` որպես սեփական ճակատագիրը որոշելու արցախահայության բացառիկ իրավունք:

  3. Արցախը հակամարտության օբյեկտից վերափոխվելու է սուբյեկտի` այդպիսով ուղղակիորեն իրացնելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների սուբյեկտայնությունը:

  4. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:

  5. Արցախի անվտանգությունը ոչ մի պարագայում  սակարկման ենթակա չէ:

Վերոնշյալի պատմական, քաղաքական և իրավական հիմնավորմամբ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը մշակում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգային մոտեցումներ, որոնք  հանրային քննարկման կդրվեն շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»: