Այս պահին Թուրքիայի և Ուկրաինայի միջև քննարկվում են հարմար պայմանների դեպքում Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարցը։ Կողմերի միջև տարբեր ծրագրեր են քննարկվում։
Այս մասին ուկրաինական մեդիային հայտնել է Կիևում Թուրքիայի դեսպան Յաղմու Գյուլդերեն, փոխանցում է թուրքական Hürriyet լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսին թուրքական Bayraktar ԱԹՍ֊ներն արտադրող «Բայքար» և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվել էր «Black Sea shield» անունով համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։
«Black Sea shield»-ն առաջինը նախատեսում էր թուրքական նույն ընկերության «Աքընջը» հարվածային ԱԹՍ֊ի շարժիչի արտադրությունը։ Ընկերության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչն այդ ԱԹՍ-ի վրա փորձարկվեց 2019թ. նոյեմբերին։ Կարելի է ենթադրել, որ Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրության դեպքում ևս շարժիչը կարող է լինել ուկրաինական։
Հավելենք, որ Ուկրաինան նաև թուրքական Bayraktar ԱԹՍ-ների գնորդներից է։ ԱԹՍ-ների գնման հնարավոր պայմանագրի մասին տեղեկություններ տարածվեցին 2018թ․ նոյեմբերին։ Նշվում էր, որ Ուկրաինան 69 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել թուրքական «Բայքար» ընկերության հետ։
Պայմանագրի մասին արդեն 2019թ. հունվարի հայտարարեց Ուկրաինայի նախագահը։ Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ մեկ տարվա ընթացքում պետք է Ուկրաինա մատակարարվեր 6 միավոր ԱԹՍ, երեք կառավարման կայան և կից սարքավորումներ։ 2019թ. մարտին Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ ուկրաինական կողմը ստացել է թուրքական ԱԹՍ-ները։
«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․
- Գործողության շառավիղը՝ 150 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
- Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
- Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ,
- Երկարությունը 6,5 մ,
- Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։
razm.info