Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է

Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է։ Shamshyan.com-ի տեղեկություններով հուլիսի 21-ին ոստիկանության Չարենցավանի բաժին էր դիմել Չարենցավան քաղաքի բնակիչ Վարդիթեր Գ-ն և հայտնել, որ ամուսինը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 80-ամյա Վազգեն Գ-ն, 1 օր առաջ տանից դուրս է եկել՝ անտառ գնալու նպատակով և չէր վերադարձել։ Նույն օրը քաղաքացու կողմից ահազանգ է ստացվում ոստիկանության Չարենցավանի բաժին, ով հայտնել է, որ Սևան-Երևան հիդրոկասկադի՝ Չարենցավանի զինկոմիսարիատի մոտակայքում ջրատարի հարևանությամբ, հայտնաբերել է տղամարդու հագուստ, ձեռնափայտ և անձնական որոշ իրեր։ 

Նշված վայր են ժամանում ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հրավիրում են Վարդիթեր Գ-ին։ Վերջինս էլ հայտնում է, որ հագուստներն ու իրերը պատկանում են իր ամուսնուն։ Նույն օրը, որպես անհայտ կորած, սկսվում են որոնողական աշխատանքներ՝ Վազգեն Գ-ին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Դիակի հայտնաբերումից հետո քննիչի որոշմամբ նշանակվում են մի շարք փորձաքննություններ, ու արդեն դիակի ճանաչման նպատակով դիահերձարան է հրավիրվում Վարդիթեր Գ-ն, ով արդեն տեղում իրավապահներին հայտնում է, որ նա իր ամուսինն էր։ 

Ինչպես ավելի վաղ  հայտնել էինք,  հուլիսի 28-ին առեղծվածային դեպք էր տեղի ունենցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։