«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է Նարեկ Սարգսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների, անհրաժեշտության դեպքում՝ բուժման համար, որից, սակայն, վերջինս հրաժարվել է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հանրային կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը միջնորդություն էր ներկայացրել արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ՝ շեշտելով, որ բուժումը հնարավոր չի լինի իրականացնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Մեր զրույցում Արթուր Պիվազյանը պարզաբանեց, որ հրաժարվել են կոնկրետ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննում անցնելուց, սակայն պատճառները մանրամասնել չեն կարող:
Այժմ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննում անցնելու վերաբերյալ:
Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան, եւ դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։ Նա մեղադրվում է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի զենք-զինամթերքի, ինչպես նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար:
armtimes.com