Արտակարգ դեպք Լոռու մարզում. բախվել են տեխնիկական սպասարկում իրականացնող գնացքն ու «Աուդի»-ն.

Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են տեխնիկական սպասարկում իրականացնող գնացքն ու «Աուդի» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են «Աուդի»-ն, փակել գազաբալոնի փականը։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է «Աուդի»-ի վարորդի և գնացքավարի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի

shamshyan.com