ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը օգոստոսի 3-ին ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարներին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Հանդիպմանը ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արտակ Դավթյանը ծանոթացել է ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ, լսել նրանց առաջարկությունները, ներկայացրել ոլորտի զարգացման իր տեսլականը:
Հայկական ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները:
Քննարկվել են Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի գիտահեն զարգացման հնարավորությունները, ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները:
Հանդիպմանը նաև ամփոփվել է հուլիսին սահմանային բախումների ժամանակ հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը: