ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է 1-12-րդ դասարանների «Ֆիզիկական կուլտուրա» ուսումնական առարկայի չափորոշիչը:
Ըստ նախարարության՝ առարկայի հիմնական նպատակն է` առողջ, համակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը պատրաստ, սեփական ուժերի հանդեպ վստահ, առողջ և անվտանգ կենսակերպ դրսևորող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող ու նախաձեռնող քաղաքացի ձևավորելը։
Առարկայի հիմնական նոր օրինակելի ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի գործունեության ազատություն, որը ենթադրում է հաշվի առնել դպրոցականների մարզական ցանկությունները:
Հատկապես 8-րդ դասարանից սկսած կարևոր է, որ ուսուցիչը ֆիզիկական դաստիարակության գործընթացում մշտապես հաշվի առնի դպրոցականների մարզական նախընտրությունները` չսահմանափակվելով ծրագրում նշված մարզաձևերով: Այդ դեպքում ուսուցիչը հնարավորություն ունի մարզման ձևն ու ժամաբաշխումն իրականացնել ըստ անհրաժեշտության՝ ապահովելով վերջնարդյունքները:
Թիմի լիարժեք անդամ զգալու նպատակով առողջական որոշակի առանձնահատկություններ ունեցող երեխաներին, ում համար անհնար կամ բարդ է լիարժեք մասնակցել ֆիզիկական կուլտուրայի դասերին, նույնպես պետք է ներառել խմբերում որպես օժանդակ աշխատանք կատարողներ: Կարևոր է, որ նման երեխաները ևս ունենան հնարավորություն ճանաչելու սեփական ֆիզիկական կարողությունները և դրանց համապատասխան զարգացնելու իրենց շարժողական ընդունակությունները:
Ուսումնական գործունեության տեսակները.
- ֆիզիկական դաստիարակության վերաբերյալ տեսական գիտելիքների հաղորդում զրույցի և պատմելու միջոցով, ուսումնական նյութի բացատրում, ցուցումներ, հրահանգներ:
- Վարժությունների ցուցադրում, պաստառների, ֆիլմերի ցուցադրում, գործնական պարապմունքներ` խմբային, ճակատային, անհատական, հոսքային, հերթափոխային և շրջանաձև մեթոդներով:
- Ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարում, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի օգտագործում:
- Մարզումային պարտադիր խմբակներ, որոնց ընտրությունը կատարում է սովորողը, սակայն դրանց կարող են չմասնակցել մարզական խմբակներ հաճախող երեխաները:
«Ֆիզիկական կուլտուրա» ուսումնական առարկայի օրինակելի ծրագրի և չափորոշչի հիմնական փոփոխությունները.
- Ժամաքանակի փոփոխություն և սպորտայնացված (ըստ դպրոցականների մարզական ընտրության) դասերի ներդրում:
- Ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրում՝ սպորտդպրոցների և մարզական կառույցներ ունեցող այլ հաստատությունների հետ համագործակցություն:
- Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների ազատականացում. այսինքն՝ ուսուցիչները հնարավորություն կստանան ֆիզիկական կուլտուրայի դասերի շրջանակում կազմակերպել դպրոցականների մարզումները` հաշվի առնելով վերջիններիս մարզական ցանկությունները, ինչպես նաև դպրոցների հնարավորությունները՝ ապահովելով ծրագրով նախատեսված վերջնարդյունքները:
- Ըստ մակարդակների և դասարանների վերջնարդյունքների առկայությունը։
- «Ֆիզիկական կուլտուրա» ուսումնական առարկան ամփոփվում է ստուգարքով, որը ենթադրում է ֆիզիկական վարժություններով համալիրների նորմատիվների հանձնում:
- 8-րդ դասարանից սկսած առողջ ապրելակերպի դասընթացի համար տարեկան տրվող 14-ական ժամերը մնում են ֆիզիկական կուլտուրայի դասերին:
- Ընդհանրական, նոր ձևաչափով ծրագրի կառուցվածք՝ համապատասխան բաղադրիչներով: