Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Աղբյուրակ» թաղամասից դեպի «Կենտրոն» թաղամաս ընթանալիս, Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Վարդանյանը Wolsvagen Passat մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթանալով բախվել էլեկտրասյանը եւ կրկին առաջ ընթանալով բախվել հսկայական եղեւենուն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ուղեւորներ, Հրազան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Կարեն Սարգսյանը, եւ 40-ամյա Արթուր Ալեքսանյանը տեղում մահացել են, իսկ վարորդ, Հ Վարդանյանը, ում ավտոմեքենայից մահացածների հետ մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սեւան Քոչարյանը, եւ ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաեւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիկբեկյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Սերգո Երիցյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետեւանքով էլեկտրասյունը տապալվել է եւ օպերատիվորեն ժամանել էին նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցները: Քննիչների կողմից դեպքի վայրի զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտեմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որից հետո փրկարարները կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներից Կ. Սարգսյանն աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կոտայքի մարզային բաժնում որպես ավագ հարկադիր կատարող: Օպերատիվորեն ժամանել է նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Սերյոժա Վարդանյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com