ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ՝ ծանոթանալու այնտեղ տեղի ուենցած հզոր պայթյունից հետո հայ համայնքի ներկայացուցիչների կարիքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 6-ի կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր քննարկեցինք և որոշեցինք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Սինանյանը Բեյրութ կմեկնի առաջիկայում այնտեղ ուղարկվելիք ինքնաթիռով, որը բժշկական պարագաներ ու միջոցներ կհասցնի Լիբանանի կառավարությանը:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վնասվել է ավելի քան 4 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի թվում 11 հայ կա։
Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: «Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով: ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով: