ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ ուսումնասիրել են անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի առաջին վեց ամիսների ազդեցությունը շահառուների կյանքի որակի վրա։
«Հեռախոսային հարցումներ են իրականացվել բոլոր մարզերում։ Հիշեցնեմ, որ 2019 թվականին աղքատության փուլային հաղթահարման նպատակով ընտանեկան նպաստ ստացող 1000 ընտանիք լրացուցիչ աջակցություն էր ստացել կառավարությունից։
2019թ. իրականացված 1091 ծրագրերի արդյունքում 2020-ի հունիսի 1-ի դրությամբ անասնագլխաքանակն ավելացել է 899 հորթով, 269 գոճիով, 523 գառով և 7 ուլով:
Շահառուների մեծ մասը միջին տարիքի գյուղաբնակ, երբևէ ուղղակի վարձատրվող աշխատանք չկատարած և բարձրագույն կրթություն չունեցող անձինք են (67%-ը 30-ից 45 տարեկան անձինք են, 27%-ը՝ 45-ից 65 տարեկան, 88%-ը երբևէ վարձատրվող աշխատանք չի ունեցել, 79%-ը՝ միջնակարգ կրթություն ունի):
Հարցվածների 93%-ը, ընդհանուր առմամբ, գոհ է ծրագրից: Բոլորը գոհ են ծրագրի կազմակերպման ընթացքից:
56%-ը նշել է, որ այս ծրագրի արդյունքում իրենց եկամուտներն ու սոցիալ-տնտեսական վիճակը որոշ (երբեմն՝ չնչին) չափով փոխվել է: Մնացած 44 %-ի մոտ դեռևս փոփոխություն չի եղել՝ որոշ դեպքերում պայմանավորված իրացման խնդիրներով և անասնակերի գնման դժվարություններով:
35%-ը նշել է, որ ծրագրի հետևանքով բարելավվել է ընտանիքի սննդի որակը և բազմազանությունը:
Հարցվածների միայն 7%-ն է նշել, որ ծրագրի արդյունքում որոշ չափով ավելացել է ընտանիքում միջոցառումների կազմակերպումը: Նույնքան շահառուներ (7 %) նշել են, որ ծրագրի արդյունքում կարողացել են խնայողություններ կատարել և որևէ կենցաղային պայման բարելավել:
Հարցվածների 14%-ը նշել է, որ ավելացրել է անասնաքանակը (բացի ծրագրով ձեռք բերվածը և ծնածը):
67%-ը նշել է, որ նախատեսում են ավելացնել անասնաքանակը առաջիկա 1-2 տարվա ընթացքում: Մնացած 23 %-ը նշել է, որ ֆինանսական խնդիրներ ունեն, վստահ չեն, որ կկարողանան ավելացնել:
Արտագնա աշխատանքի մեկնելու մտադրություն ունեցող հարցվածների 45 %-ը (ընդհանուր հարցվածների 12 %-ը) նշել են, որ այս ծրագիրը ազդել է արտագնա աշխատանքի մեկնելու իրենց որոշման վրա. ծրագրով պայմանավորված՝ որոշել են այլևս չմեկնել: Մնացած 55 %-ը նշել են, որ, հնարավորության դեպքում, կմեկնեն:
Հարցումների արդյունքում կքննարկվեն ծրագրի բարելավման հնարավորությունները»,- գրել է Բաթոյանը:
Ուսումնասիրել ենք Անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի առաջին վեց ամիսների ազդեցությունը…
Опубликовано Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան Четверг, 6 августа 2020 г.