Մարդիկ կախված են անտառներից՝ շնչած օդից մինչև օգտագործած փայտը: Անտառը՝ որպես կենսամիջավայր, կանխում է հողի էրոզիան, նույնիսկ մեղմացնում կլիմայի փոփոխությունը, բայց մարդիկ թույլ են տալիս, որ անտառներն անհետանան նաև ապօրինի ծառահատումների պատճառով:
Հայաստանում անտառները տարածքի շուրջ 11%-ն են, մինչդեռ հանցագործություն համարվող ապօրինի ծառահատումների ավելի քան 10 դեպք է բացահայտվում յուրաքանչյուր ամիս:
«Լինթաբը», որ ծառի բնի տարեկան օղակները հաշվող մանրադիտակ է, օգնում է ստուգելու ապօրինի ծառահատումների տեղն ու ժամանակը՝ աջակցելով Հայաստանում անտառների պահպանությանը:
Ոչ մի շանս անօրինական ծառահատումներին
«Յուրաքանչյուր ծառ բացառիկ է, և «Լինթաբն» օգնում է ընթերցել ծառի հանրագիտարանը»,- ասում է Տիգրան Հայրապետյանը՝ Հայաստանի ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի (ՓԱԲ) երկու փորձագետներից մեկը, որն օգտագործում է «Լինթաբը» դենդրոքրոնոմետրիկ (ծառի ժամանակագրություն) քրեագիտության համար:
Թեև դենդրոքրոնոլոգիան բնափայտի օղակների տարեկան աճն ուսումնասիրող գիտություն է և արմատներով հասնում է մինչև Լեոնարդո դա Վինչիի ժամանակներ, այն միայն վերջերս է դարձել քրեագիտության մաս:
«Փորձաքննությունը բացահայտում է ծառատեսակների մասին տեղեկությունները, թե երբ և որտեղ են տեղի ունեցել ծառահատումները, քանի տարեկան է ծառը ,և արդյոք այն կենսունա՞կ էր հատման պահին»,- ասում է Տիգրան Հայրապետյանը:
Սա կարևոր տեղեկություն է ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու համար, քանի որ անտառահատներն այլևս չեն կարող մեկանգամյա թույլտվության փաստաթղթերով արդարացնել ապօրինի ծառահատումների տարբեր խմբաքանակները:
«Լինթաբն» արդեն օգնել է գտնել խարդախներին ապօրինի ծառահատման 35 դեպքերում: Փորձագետներն ուսումնասիրել են ավելի քան 800 նմուշ՝ համեմատության համար վերցված մոտ 1000 նմուշի հետ: Ավելի քան 70 քրեական գործերի մասով էլ դեռ սպասում են «Լինթաբի» միջոցով փորձաքննությանը:
Փորձաքննության ընթացքում գործիքն օգնում է որոշել, թե երբ և որտեղ է կտրվել ծառը, կենսունա՞կ էր ծառը կտրելու ժամանակ, թե՞ ոչ:
«Ծառերի կենսունակության որոշումը կարևոր է, քանի որ բոլոր քրեական գործերում պետք է հաշվարկվի բնությանը հասցված վնասը: Մասնավորապես, մայրաքաղաքում մենք պետք է վստահ լինենք՝ սանիտարական հատո՞ւմ է տեղի ունեցել, թե՞ ծառերն ապօրինի են հատել»,- ասում է Տիգրան Հայրապետյանը:
ՓԱԲ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը հավաստիացնում է, որ մոտ 3 տարի առաջ, երբ «Լինթաբը» դեռ չկար, Հայաստանում նմանատիպ փորձաքննություն անցկացնելու ոչ մի հնարավորություն չկար:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Գերմանիայում և Ռուսաստանում վերապատրաստված մասնագետները լուծումներ են տալիս այն իրավիճակներին, որոնք նախկինում հնարավոր չէր փարատել:
«Ծառահատման ցանկացած արդարացում կարող է ստանալ իր պատասխանը՝ «Լինթաբի» օգտագործմամբ վստահորեն ասելով, թե արդյոք ծառը հատել են նախօրեի՞ն, թե՞ տարիներ առաջ»,-ասում է Արգամ Հովսեփյանը:
Նա վստահ է, որ ՄԱԶԾ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիսարևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի տրամադրած «Լինթաբը» փորձաքննությունների զարգացման բազմաթիվ հնարավորություններ է բերել:
«Մենք ուրախ ենք, որ կան ուղղություններ, երբ մեզ են դիմում օգնության համար, և մենք ներկայացնում ենք մեր փորձը միջազգային գործընկերներին: Դենդրոքրոնոմետրիկ փորձաքննությունը դարձել է դրանցից մեկը»,- ասում է ՓԱԲ-ի տնօրենը:
Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին
Արգամ Հովսեփյանը նշում է, որ «Լինթաբն» օգնում է որոշել ծառերի աճի առանձնահատկությունները, ինչը կարևոր է անտառվերականգնման հիմնավորված որոշումներ կայացնելու համար. ո՞ր տեսակները որտե՞ղ կարող են ավելի լավ աճել:
«Լինթաբն» ընձեռում է գիտական հետազոտությունների լայն հնարավորություններ` կլիմայի փոփոխությունից մինչև հնագիտություն, անտառվերականգնման պլանավորումից մինչև կլիմայագիտություն: «Ծառի բունը տարբեր շերտեր ունի՝ կեղևից մինչև միջուկ, արանքում բնափայտն է, որ հսկայական տեղեկություն է պարունակում, թե անցյալում եղե՞լ են արդյոք հրդեհներ կամ երաշտներ, ջրհեղեղներ կամ աղետներ»,- բացատրում է ՓԱԲ-ի հավաստագրված և տարիների փորձ ունեցող մյուս փորձագետը՝ Աննա Պետրոսյանը:
«Ձեռքի շատ թեթև շարժումը հնարավորություն է տալիս դիտարկել նմուշը միկրոճշգրտությամբ»,- ասում է Աննա Պետրոսյանը:
Նա խոստովանում է, որ բնափայտի օղակների չափման ճշգրիտ և հեշտ օգտագործելի գործիքն առավելություն է ի համեմատություն այն ժամանակների, երբ ծառերի տարիքը որոշվում էր միլիմետրային թղթով և մատիտով՝ փոքր ճշգրտությամբ և հավաստիությամբ: Դա կարող էր օրեր տևել, մինչդեռ «Լինթաբով» հիմնական գործընթացը կարող է տևել 2-6 ժամ՝ կախված նմուշի հստակությունից և վիճակից:
Նմուշը վերցվում է հորատման սարքով՝ ստանալով 4-5 մմ տրամագծով և 10-15 սմ երկարությամբ միջուկներ: «Այդ նմուշ-միջուկը ծառի, անտառի, տեղանքի և դրա կլիմայի մասին ամբողջ պատմություններ է պատմում: Չնայած երբեմն ծառահատները փորձում են ոչնչացնել կոճղերը, այրել կամ յուղ լցնել, սակայն եթե կոճղից փոքր մի մաս մնացել է, ուրեմն «Լինթաբն» իր գործը կանի»,- ասում է Աննա Պետրոսյանը:
* ԳԷՀ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի (UNDP) կողմից իրականացվող «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիսարևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ սերտ համագործակցությամբ:
Ծրագրի թիրախային տարածք համարվող Լոռու և Տավուշի մարզերում է կենտրոնացած Հայաստանի անտառային ռեսուրսների 65 տոկոսը, որը նաև կարևոր էկոհամակարգային ծառայություն է մատուցում՝ ներառյալ ջրամատակարարումը (քաղաքային օգտագործման և սննդի արտադրության համար), սողանքների կանխումը և ածխածնի պահեստավորումն ու կլանումը: Այս շրջաններում հողերի և անտառների դեգրադացիայի հիմնական պատճառը անտառահատումներն ու անտառային ռեսուրսների գերօգտագործումն է:
1lurer.am