ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» գիտաժողովի ժամանակ խոսեց Սևրի պայմանագրի վերաբերյալ թուրքական կողմի մոտեցումներից:
«Այս հարցում թուրքական երկու մոտեցում է եղել: Մոտեցումը, որը հաղթեց, քեմալականների մոտեցումն է, որը կեղծեց պատմությունը՝ ոչ միայն հարևան ժողովուրդների, այլև իր ժողովրդի՝ Թուրքիայի պատմությունը: Թուրքական այդ գործունեությունը որակվեց որպես դավաճանություն, և բոլոր այն թուրք գործիչները, որոնք առնչություն ունեին այդ դաշնագրի ստորագրման հետ, որպես Օսմանյան կայսրության ներկայացուցիչներ, որակվեցին դավաճաններ և դատապարտվեցին մահապատժի:
Կարծում եմ՝ ավելի խորն ուսումնասիրելով թուրքական կողմի մոտեցումները՝ մենք կհասկանանք, որ, ըստ էության, սուլթանական կառավարությունը, նրա շուրջը համախմբված մի շարք գործիչներ ոչ թե դավաճանում էին թուրք ժողովրդին, այլ փորձում էին այլընտրանքային ճանապարհ գտնել՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորվող նոր աշխարհում նորովի վերաիմաստավորելու Թուրքիայի դերը ոչ թե որպես կայսրություն, որը 100-ամյակներ գոյություն է ունեցել, այլ ժողովուրդների ճնշման հիման վրա այլ պետություն, որն իր ազգային սահմանների մեջ պետք է ներփակվի և նորմալ հարաբերություններ ունենա իր հարևան պետությունների հետ»,- նշեց Սաֆրաստյանը:
Ակադեմիկոսը հիշեցրեց Մուստաֆա Քեմալի և քեմալականների նպատակի մասին. կա մի գաղտնի փաստաթուղթ, որը թվագրված է 1920 թ. նոյեմբերի 8-ով: Նամակը հասցեագրված է թուրքական հրոսակախումբը ղեկավարող Քարաբեքիր փաշային, և այնտեղ գրված է, որ Հայաստանը պետք է ոչնչացվի և՛ քաղաքական առումով, և՛ իրապես: Այսինքն՝ խոսքը Ցեղասպանության ծրագրի շարունակության և ավարտին հասցնելու մասին էր:
Նրանք, ովքեր Օսմանյան կայսրության անունից ստորագրեցին Սևրի դաշնագիրը, հակաերիտթուրքեր էին, մարդիկ, որոնք տասնամյակներ պայքարել են երիտթուրքերի դեմ՝ նշեց Սաֆրաստյանը:
«Իրականությունն այն է, որ Կ.Պոլսում 1918-20 թթ. գործել են մի շարք կազմակերպություններ, որոնք համախմբել են թուրքական վերնախավի, մտավորականության բավականին մեծ թվով ներկայացուցիչների, որոնք համարում էին, որ Օսմանյան կայսրությունը հնարավորություն ունի զարգանալու, եթե կարողանա ապահովել Արևմուտքի հովանավորությունը: Պաշտոնապես քանի անգամ դիմել են Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային: Այնպես որ, վերնախավը, որը ստորագրեց Սևրի պայմանագիրը, այդ շարժման մի հատվածն էր»,- նշեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը:
1lurer.am