100 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 10-ին, Ֆրանսիայում՝ Սևրում, կնքվեց հաշտության պայմանագիր Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև։ Այդ պայմանագրով կար անդրադարձ Հայկական հարցին: Ըստ այդ պայմանագրի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանի անկախությունը, և իբրև միջնորդ առաջարկվում էր ԱՄՆ նախագահ Ուիդրո Վիլսոնին գծելու ապագա անկախ Հայաստանի սահմանները, որոնք պետք է անցնեին Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայեթների տարածքներով: Վիլսոնը ընդունեց սահմանների վերաբերյալ արբիտրաժային վճիռը, սակայն Սևրի պայմանագիրը չիրականացավ, դրույթները չիրագործվեցին:
Սևրի դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հրավիրել է «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» խորագրով գիտաժողով:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նախ նշեց, որ վերջապես պետական ընդգծված մոտեցում ունեցանք Սևրի դաշնագրի խնդրին այն դեպքում, երբ մարդիկ քամահրորեն էին վերաբերում:
Մինչև Սևրի դաշնագրի հետ կապված արդիական խնդիրների ներկայացումը՝ ակադեմիկոսը պատմական փոքրիկ անդրադարձ կատարեց:
14-րդ դարից սկսած նորստեղծ Օսմանյան կայսրությունը մշտապես սպառնում էր Եվրոպային: Եվրոպան էլ Թուրքիայի թուլացմանը զուգընթաց՝ միշտ առիթ էր փնտրում «վարձահատույց լինելու» և Թուրքիայի պառակտման, քայքայման ծրագիրը մշտապես բերել օրակարգ: Առաջին համաշխարհային պատերազմը, որի ժամանակ Թուրքիան Եռյակ, հետո՝ Քառյակ դաշինքի դաշնակից երկիր էր, լավ առիթ էր մեծ տերությունների՝ «Անտանտի» երկրների համար, այդ ծրագիրը կյանքի կոչելու: Մինչ այդ՝ 1916թ-ին Սայքս Պիկոյում կնքվել էր մի պայմանագիր, որը ինչ-որ չափով գաղտնի էր պահվում դաշնակից Ռուսաստանից, բայց երբ 1916-ի փետրվարին Ռուսաստանը ռազմաճակատի տարբեր գծերում արձանգրեց լուրջ հաջողություններ, դաշնակից երկրները շտապեցին իրազեկել Ռուսաստանին այդ գաղտնի համաձայնագրի մասին և պայման դրվեց, որ Կ. Պոլիսն ու նեղուցները պետք է անցնեն Ռուսաստանին, Պաղեստինի զգալի մասը, Լիբանանը՝ Ֆրանսիային, իսկ Բաղդադը՝ Անգլիային:
«Ռուսաստանը 1917 թվականի հեղափոխությունից հետո այդպես էլ մասնակից չդարձավ հետպատերազմյան սահմանների ձևավորման խնդրին և, փաստորեն, մեծապես տուժեց: 1918 թ. հոկտեմբերի 30-ին Մոդրոսի զինադադարով իր պարտությունն ընդունեց Գերմանական ռազմաքաղաքական խմբավորման անդամներից մեկը՝ Թուրքիան: Եվ քանի որ 1918 թ. մայիսի 28-ից գոյություն ուներ Հայաստանի Հանրապետություն, քանի որ այդ պատերազմում հայ ժողովուրդը մեծ կորուստներ էր կրել, բնականաբար, իրավունք ուներ ակնկալելու այդ պատերազմի արդյունքներից իր համար ցանկալին»,- նշեց Մելքոնյանը:
1920 թ. ապրիլին իտալական Սան Ռեմո քաղաքում Թուրքիայի և հաղթանակած երկրների միջև կնքվեց նոր դաշնագիր: