ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀԱԷԿ գործադիր տնօրեն

Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։

«ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության և, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: Հաշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա փորձառությունն ազգային անվտանգության ոլորտում լավագույնս կծառայի կայանի գործունեության արդյունավետության ու հուսալիության բարձրացմանը»,-նշել է Սուրեն Պապիկյանը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ տնօրենին առաջիկա աշխատանքներում:
 

ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և համոզմունք հայտնել, որ այն կարդարացվի՝ էներգետիկ ոլորտի առաջատարների և լավագույն մասնագետների հետ համատեղ ջանքերի և թիմային աշխատանքի շնորհիվ:
 Նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձ է կատարել նաև ատոմակայանի վերանորոգման և արդիականացման ուղղությամբ առաջիկա անելիքներին՝ մասնավորապես, առաջին անգամ պետական ֆինանսական միջոցներով և ներքին ընթացակարգերով գնումների գործընթացի և վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը:
Նախարարի խոսքով վերջին շրջանում կայանի մասնագիտական աշխատանքների կազմակերպմանը նոր որակ հաղորդելու նպատակով ատոմակայանը ենթարկվել է նաև կառուցվածքային փոփոխության, որով սահմանվել են գործադիր տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի հաստիքները:
Նախարարը հաջողություն է մաղթել կառույցի ղեկավար կազմին և գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ մաղթել հաջողված համագործակցություն և արգասաբեր գործունեություն:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն