«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին առաջարկել է ընտրելու իրավունքի տարիքային շեմը 18-ից իջեցնել 17-ի կամ 16-ի։ Ն գտնում է, որ դպրոցը Հասարակագիտություն առարկայի միջոցով պետության քաղաքական ինստիտուտների, ժողովրդավարության համար բազմակուսակցականության անհրաժեշտության մասին գիտելիքների բավարար պաշար տալիս է, որ 16 տարեկան պատանին ընտրությունների ժամանակ կարողանա կողմնորոշվել։
«Սրանք գիտելիքներ են, որ էլեկտորատի մեծ մասը չի ստացել, քանի որ դպրոցն ավարտել է խորհրդային ժամանակաշրջանում, որտեղ մարդկանց բացատրել են, թե ինչու պետք է լինի միակուսակցական համակարգ։ Ընտրություններից հետո մեր արած հետազոտությունը ցույց է տվել, որ լուրջ խնդիր կա քաղաքացիների կողմից ընտրությունները ճիշտ հասկանալու առումով։ Եվ որքան մեծ է ընտրողի տարիքը, այնքան դրա տոկոսային հարաբերությունը մեծ է։ Ի վերջո ընտրությունների ժամանակ մարդիկ որոշելու են իրենց կոլեկտիվ ապագան, և որքան երիտասարդ է նա, այնքան շատ է ապագայում ապրելու։ Նույն 16-17 տարեկանները հեղափոխության ամենաակտիվ մասնակիցներն էին»,- ասում է նա։
Դ․ Իոաննիսյանն անդրադարձավ նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու հատկապես նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, վերջինիս ու լրագրողների միջև անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպին։
«Կառուցել նման դղյակ, ներսը՝ եկեղեցանման ինչ-որ կառույց, և կառուցել Սևանի մակարդակից արգելված բարձրության վրա, հենց մայրուղու վրա և կոռուպցիայից է խոսում։ Ընտանիքի անդամին հենց այնպես գնդապետի կոչում է տվել, գրանցել ու հենց այնպես աշխատավարձ է տվել։ Չափուսահման պետք է ունենա Վովա Գասպարյանի ցինիզմը։ Նրա նկատմամբ տարբեր քրեական գործեր կան ու նա նորից հանցագործություն է կատարում։ Նրան պետք է կալանավորել, նա վտանգավոր է հասարակության համար»,- ասում է Դ․Իոաննիսյանը։
Վերջինս նաև գտնում է, որ Սևանի ափին կառուցված դղյակը պետք է վերցնել Վ․Գասպարյանի ձեռքից, պետականացնել, և ապօրինի ծագման գույքի մասին օրենքի շրջանակներում ուսումնասիրել, թե ինչ միջոցներով է դա ձեռք բերել։