Սևանը կորցնելու վտանգի առաջ ենք, ազգային հարստության այսպիսի վատնումն անթույլատրելի է. Ռոմանոս Պետրոսյան

«Առաջին լրատվականի» եթերում Նվեր Մնացականյանի հետ զրույցի շրջանակներում զրուցել ենք որպես Շրջակա միջավայրի նախարար՝ իմ տասնօրյա պաշտոնավարման ընթացքում գույքագրված խնդիրներից, ոլորտում տասնամյակներ կուտակված հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերից ու մեկնարկող գործընթացներից։

Սևանը կորցնելու վտանգի առաջ ենք, ազգային հարստության այսպիսի վատնումն անթույլատրելի է։ Խնդրի լուծման համար քաղաքական կամքի կարիք կա․ լճի էկոհամակարգի վերականգնումը ենթադրում է Սևանի ավազանի և հարակից բնակավայրերի զարգացման նոր մոտեցումներ ու հայեցակարգեր:

Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է։ Դրանք բոլորը ենթակա են ապամոնտաժման և քանդման։