Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. թաքցրած կորուստ. Razm.info

Դաշդեմիրլի Սենան Վյուգար օղլուի (Daşdəmirli Sənan Vüqar oğlu) գերեզմանաքարը

2018 թ. հունվարի 19-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1996 թ. ծնված Դաշդեմիրլի Սանան Վյուգար օղլուն (Daşdəmirli Sənan Vüqar oğlu)։ Ադրբեջանի թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներն այս կորստի մասին չեն հայտնել։

Զինծառայողի գերեզմանաքարը երևում է հուլիսի 12-ին Տավուշյան մարտերի ժամանակ սպանված Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուի (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu) հուղարկավորման լուսանկարներում։ Երկուսն էլ թաղված են Ադրբեջանի Իսմայիլլի շրջանում։ Չի բացառվում, որ զինծառայողները կարող են ազգականներ լինել՝ ելնելով նաև ազգանունների նմանությունից։

Այլ տեղեկություններ 2018 թ. այս կորստի մասին չհաջողվեց պարզել, հայտնի չէ՝ կորուստը մարտական, թե ոչ մարտական է։

Նշենք, որ 2018 թվականին Ռազմինֆոն արձանագրել էր Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 35 [արդեն՝ 36] կորուստ, իսկ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը հայտնել էր 37 կորստի մասին։ Հաշվի առնելով, որ «Խազար» կենտրոնը կորուստների անվանացանկ չի հրապարակում, չենք կարող պնդել, որ մեր գրանցած և «Խազարի» հայտնած թվերը վերաբերում են նույն մարդկանց, ուստի կորուստների իրական թիվը կարող է և ավելի շատ լինել։