ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարելէ հետեւյալ գրառումը․
Սիրելի հայրենակիցներ,
Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։
Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ <<Լուսավոր Հայաստան>>-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալրել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ․․․
Շնորհակալությու՛ն և առողջությու՛ն բոլորիդ։
Հարգանքով՝
Մանե Թանդիլյան
Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, սա իմ վերջին հայտարարությունն է այս թեմայով, խնդրում եմ նկատի ունենալ, որ այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու։