ՀՀ-ն, ցույց տալով իր ձայնի իրավունքը, դառնում է գործոն և Թուրքիայի մոտ բարձրացնում իր կշիռը. Հայկ Գաբրիելյան

Երեկ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը՝ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի կողմից տարվող ծավալապաշտական քաղաքականության մասին և Հունաստանին ու Կիպրոսին հայտնած անվերապահ աջակցությանը։

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տեսնում ենք, որ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելու հավակնություն ունեցող Հայաստանը աշխարհի աշխարհագրության ու այդ աշխարհագրության մեջ իր տեղի հետ կապված սխալմունքի մեջ է։ Այստեղ խնդիրը ոչ թե Սևանա լճի մասին է, այլ Արևելյան Միջերկրականի»։

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը վկայում է թուրքական կողմի նյարդային ու բորբոքված վիճակի մասին՝ 1lurer.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

«Սա նշանակում է, որ թուրքական իշխանությունները տեսնում են, որ Թուրքիան գնալով շրջապատվում է առնվազն իրենց հանդեպ ոչ բարյացակամ տրամադրված երկրներով, ինչին հենց իրենք են ձգտել մշտապես: Էրդողանը մշտապես տարիներ շարունակ ձգտել է ցույց տալ, որ Թուրքիան իսկապես շրջապատված է արտաքին թշնամիներով, և ինքը հերոսաբար կռիվ է տալիս նրանց դեմ՝ թույլ չտալով, որ այդ երկրներն իբրև թե մասնատեն Թուրքիան: Այս առումով Էրդողանը որոշակի մրցակցության մեջ է Աթաթուրքի հետ, որը նույնպես նշում էր, որ Թուրքիան շրջապատված է թշնամիներով, և ինքը թույլ չի տալիս, որ երկիրը մասնատեն»,- նշեց Գաբրիելյանը:

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայում սկսել են հասկանալ, որ երկիրը իսկապես սխալ ուղու վրա է, ու հնարավոր չէ, որ նրա գրեթե բոլոր հարևանները հենց այնպես որդեգրեն հակաթուրքական ուղղվածություն: Դրա պատճառն առաջին հերթին Թուրքիայի ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունն են:

«Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում մի բան կա ճիշտ նշված, որ, այո, իսկապես, Հայաստանը ցույց է տալիս, որ տարածաշրջանում ունի իր ձայնի իրավունքը: Եվ տարածաշրջան ասելով նկատի չունենք Այսրկովկասը կամ Հարավային Կովկասը, այլ նաև շրջակա տարածաշրջանները: Իսկ ո՞վ է ասել, որ Թուրքիան իրավունք ունի խոսելու Մոնղոլիայի կամ Հարավային Ամերիկայի թեմայից, իսկ Հայաստանն իրավունք չունի խոսելու արևելյամիջերկրածովյան տարածաշրջանից: Դա Թուրքիայի, թուրքական իշխանությունների, Էրդողանի ինքնախաբեությունն է, որը շարունակում է ժողովրդին խաբել՝ ասելով, որ իբրև թե այդ տարածաշրջաններում նա պաշտպանում է Թուրքիայի շահերը: Նույն Թուրքիայի գործողությունների պատճառով է, որ Կիպրոսը, Իսրայելը, Հունաստանը չեն ցանկանում, որ Արևելյան Միջերկրական ծովի գազը Եվրոպա ուղարկվի Թուրքիայի տարածքով, որն ամենակարճ ճանապարհն է»,- նշեց Գաբրիելյանը:

Թուրքագետը վստահ է՝ Թուրքիային անհանգստացնողն այն է, որ Հայաստանն իսկապես դառնում է գործոն՝ ցույց տալով իր ձայնի իրավունքը, և սա Թուրքիայի համար բարձրացնում է Հայաստանի արժեքը, կշիռը: Թուրքիան նաև Հայաստանին սկսել է համարել հակաթուրքական դաշինքի անդամ: Աքսոյը նշել էր՝ այն, որ ԱՄԷ-ից ու Ֆրանսիայից հետո էլ ծով ելք չունեցող Հայաստանն է համարում, որ տարածաշրջանում խոսքի իրավունք ունի, ցույց է տալիս, թե ինչ ընդգրկում ունի հակաթուրքական նենգ դաշինքը, որը ցանկանում են ձևավորել։

Խոսնակը հավելել էր, որ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր ու Կիպրոսի թուրքերի իրավունքները Արևելյան Միջերկրականում ու ոչ մի դաշինքի ուժը չի բավարարելու խանգարել դրան։ Նրա կարծիքով ովքեր հակառակն են կարծում, նշանակում է՝ պատմությունից դասեր չեն քաղել։

«Կարծում եմ, որ թուրքական իշխանությունները պատրանքներ չեն տածում, որ դա անկեղծ հարաբերությունների սերտացում է, մերձեցում է, այստեղ չկան տնտեսական շահեր, միմյանց վրա ճնշում գործադրել, ամեն մի հայտարարության համար մի տնտեսական օգուտ կորզել, ինչպես որ Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում է: Սա իսկապես անկեղծ է, բախտակից ժողովուրդներ ենք մենք ինչ-որ առումով: Եվ Թուրքիայի ագրեսիվ գործողությունները սկսել են միավորել ոչ միայն Հայաստանին, Հունաստանին ու Կիպրոսին, այլև Ֆրանսիային, ԱՄԷ-ին, Իսրայելին և այլն: Եվ միակ մարդը, որ կարող է Էրդողանին ընդառաջել, միակ հույսը Պուտինն է: Բոլորի հետ Էրդողանն ունի խնդիրներ, իհարկե, Պուտինի հետ էլ ունի, սակայն Արևմուտքի հետ խնդիրներն ավելի շատ են, և, իհարկե, թուրքական տնտեսությունը չի կարող դիմանալ այդ ամենին»,- նշեց թուրքագետը:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակն անդրադարձել էր նաև Սևրի պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններին՝ նշելով, որ դրանից հետո Հայաստանի՝ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելը «չափն անցնելու ու անպատասխանատվություն օրինակ» է որակել։ 

«Սևրի հայտնի սինդրոմն արդեն 100 տարի է՝ Թուրքիայում կա, երբ մտածում են, որ Հայաստանի ու Քրդստանի մասով այն դեռ կարող է իրագործվել: Հայաստանում պաշտոնական հայտարարությունները, քննարկումները նյարդայնացրին Թուրքիային, առիթ տվեցին, որ հանդես գա պաշտոնական հայտարարությամբ: Թուրքական կողմը Սևրի քննարկումներից նյարդայնանում է, հիմա էլ ինքն է առաջ քաշել, այսպես ասած, «ծովային Սևր» արտահայտությունը՝ անընդհատ ասելով, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում թույլ չի տալիս, որ իրագործվի «ծովային Սևրը»,- նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

Ըստ թուրքագետի՝ այս քաղաքականությունը շատ վատ կանդրադառնա Թուրքիայի վրա, քանի որ չեն տարանջատվում Էրդողանի անձնական և Թուրքիայի պետական շահերը, նա փորձում է պատմության մեջ մնալ որպես ուժեղ առաջնորդ, որը «հերոսաբար կռիվ է տալիս» թշնամիների դեմ, սակայն սա մեծ վնաս է պատճառում Թուրքիային ու Թուրքիայի քաղաքացիներին: Օրինակ՝ լիբիական միջամտությունը հսկայական ռեսուրսներ է խլում Թուրքիայից, որը վճարում են քաղաքացիները, այն էլ՝ տնտեսական այս ծանր վիճակում:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
1lurer.am