Վահրամ Ավետիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում իր թեկնածությունը հետ կանչելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավետիսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Ավետիսյանը նշել է, որ անիրատեսական է համարում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։
«Այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում։ Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Կառավարությանը իմ թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին մաղթում բարեհաջող ընթացք՝ ի շահ ՀՀ քաղաքացու և մեր Հայրենիքի»,- գրել է Ավետիսյանը:
ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել էր հուլիսի 23-ին: Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է: