Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել Բելառուսում տեղի ունեցող խաղաղ ցույցերին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Reuters գործակալությունը։
«Եվրամիությունը պետք է շարունակի համախմբել ուժերը՝ ի պաշտպանություն հարյուր հազարավոր բելառուսների, որոնք խաղաղ կերպով հանդես են գալիս իրենց իրավունքների, ազատության և անկախության պահպանման օգտին»,- Twitter-ում գրել է Ֆրանսիայի նախագահը։
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է: