Լորիս Ճգնավորյանին կշնորհվի «Խաղաղության գրքեր 2020» մրցանակ

«Խաղաղության գրքեր 2020» մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողովը այս տարի որոշել է մրցանակը հանձնել իրանահայ հայտնի կոմպոզիտոր, երաժիշտ Լորիս Ճգնավորյանին՝ հաղորդում է IRNA-ն։ Մրցանակը կհանձնվի մաեստրոյին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում սեպտեմբերի 12-ին կայանալիք հանդիսավոր միջոցառման ժամանակ։ 

«Խաղաղության գրքեր» (The Books for Peace Award) մրցանակը մեքսիկացի լրագրող  Խավիեր Վալդեսի հիշատակին նվիրված միջազգային մրցանակ է։ Լրագրողն սպանվել է Մեքսիկայում թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում։ Սկսած 2017 թվականից այս մրցանակն ամեն տարի շնորհվում է խաղաղության տարածման և մարդասիրական ծրագրերում ներգրավված մարդկանց և խմբերի, փոխանցում է լրատվամիջոցը։

Լորիս Ճգնավորյանը իրանահայ աշխարհահռչակ դիրիժոր և կոմպոզիտոր է։ Հեղինակ է դասական երաժշտության ավելի քան 70 կատարումների, 4 օպերայի և 6 սիմֆոնիայի։ Ծնվել է 1937 թ. Իրանի Բորուջերդ քաղաքում։

1989-1998 և 1999-2000 թվականներին եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը։

1lurer.am