Կիևում ձերբակալել են ԱՄՆ-ի և Թուրքիայի դեսպանատների «ականապատման» մասին կեղծ հաղորդում տալու համար կասկածվող ՀՀ քաղաքացու։ Այս մասին հայտնել է Կիևի դատախազության մամուլի քարտուղար Նադեժդա Մաքսիմեցը, գրում է pravda.com.ua-ն։
«Կիևի թիվ 3 տեղական դատախազությունը հայտնել է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի և Թուրքիայի դեսպանատների շենքերի ականապատման մասին կեղծ ահազանգի փաստով Հայաստանի 46-ամյա քաղաքացի է կասկածվում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Քննության տվյալներով՝ 2020 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քաղաքացին սեփական բջջային հեռախոսից երկու հեռախոսազանգ է կատարել «102» գիծ և կեղծ հաղորդում տվել երկու դեսպանատների շենքերի «ականապատման» մասին։
Մաքսիմեցը նշել է, որ ձերբակալվածը 2018-ին ևս դատապարտվել է նման հանցագործության համար, սակայն այդ ժամանակ տղամարդը պայմանական ժամկետ է ստացել։
Այժմ որոշվում է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու՝ կալանքի տակ պահելու հարցը։ Կատարվածի համար տղամարդուն սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում:
auroranews.am