Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ եմ ներկայացրել:
Այսպես, առաջին առաջարկը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ աշխատելու համար պահանջների վերանայմանը՝ ուսուցչի՝ համակարգ մուտք գործելու ընթացակարգի պարզեցման նպատակով, որի համաձայն առաջարկվում է դիտարկել հետևյալ նոր մոտեցումները՝
բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մանկավարժի որակավորում տրամադրել՝ անցկացնելով հատուկ կարճաժամկետ դասընթաց՝ մանկավարժական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար,
բարձրագույն մասնագիտական հաստատությունում սովորող կամ արդեն բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց թույլատրել պայմանագրային հիմունքներով դասավանդել հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ որոշակի ժամկետում մանկավարժի որակավորում ձեռք բերելու պայմանով:
Առաջարկը միտված է՝
հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցանելու մոտիվացիայի խթանմանը
մանկավարժության ոլորտում մարդկային ռեսուրսների երիտասարդացմանը
Երկրորդ առաջարկով նախատեսվում է հեռավար կրթությունը ճանաչել հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընդունված ձև՝ հիբրիդային ձևաչափով: Այսպիսով, աշակերտները կկարողանան ընտրել մի շարք առարկաներ հեռավար ուսուցման եղանակով:
Այս համատեքստում սկսվում են կիրառվել կրեդիտային համակարգի գործիքները: Աշակերտները ստանալու են հնարավորություն՝ ընտրելու իրենց ուսումնական հաստատության հետ համագործակցող այլ ուսումնական հաստատություններից առարկաներ հեռավար կամ առկա եղանակով և կուտակել այդ առարկաների համար համապատասխան կրեդիտները, որոնք ճանաչվելու են իրենց հիմնական կրթական հաստատության կողմից: Առաջարկել եմ նաև կիրառել կրկնակի կամ համատեղ կրթական ծրագրերի գաղափարը, երբ սովորողները հանդիսանում են երկու կամ ավել ուսումնական հաստատությունների աշակերտ: Սույն առաջարկն էլ նպատակաուղղված է աշակերտներին՝ անկախ բնակության վայրից, տրամադրել որակյալ կրթություն ստանալու հնարավորություն»։