Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է իրենց աշխատակիցներին
մարտական զենք հատկացնել, որպեսզի օգտագործվի օպերատիվ-ծառայողական աշխատանքները կատարելիս:
«Զենքի մասին» օրենքում նման փոփոխություն կատարելու նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Զենքի մասին» օրենքով՝ մարտական է համարվում այն զենքը, որն ընդունված է օգտագործել պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններում, ոստիկանությունում և ազգային անվտանգության մարմինների զինված ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և պետական սուրհանդակային ծառայության սպառազինության մեջ:
«Օրենքով պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները կարող են իրականացնել հետախուզական, օպերատիվ-հետախուզական, մաքսանենգության և այլ ապօրինի գործողությունների և օրենսդրության խախտումների բացահայտում, կանխում ու դրանց հետ կապված կոմիտեի կանոնադրական այլ` քննչական, հետաքննչական, օպերատիվ ու դրանցից բխող այլ գործառույթներ»,-նախագծում ընդգծել է ՊԵԿ-ն՝ առաջարկելով հաշվի առնել այս հանգամանքները և իրենց մարտական զենք օգտագործելու հնարավորություն տրամադրել:
Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության նպատակներից է Հայաստանի մաքսային սահմանով ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխման խախտումների դեմ պայքարը, թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական ու հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ու բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման կանխարգելումը:
hetq.am