ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մասին լուրերին: «Արմենպրես»-ի հարցին` թե ո՞րն է պատճառը, որ 2017թ. Ժնևում հղում չի կատարվել նախորդ երկու պայմանավորվածություններին, արդյոք դրանից հրաժարում է եղե՞լ, թե իրապես խնդիրներ կային դրանք կյանքի կոչելու առումով, օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանն իհարկե հաճույքով չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունները:
«Պարզ չէ՞, որ Ադրբեջանը հաճույքով չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունները, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, չէ, որ այդ պայմանավորվածությունից հետո, ես կնկատի ունեմ՝ 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հետո համանախագահներն (ԵԱՀԿ Մինսկի խմբի-թղթ.) արել են, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 25 հայտարարություն, որոնցից 15-ում մատնանշել են այդ համաձայնությունը: Վերջին այդպիսի հայտարարությունը համանախագահների կողմից եղել է 2018թ. փետրվարին»,- ասաց Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ բանակցային գործընթացի թեման էլ շատ կարևոր է, սակայն ասուլիսը նվիրված է Ապրիլյան պատերազմին և հարցին ավելի մանրամասն կանդրադառնա այլ առիթով:
2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաժողողովներին ձեռք են բերվել և վերահաստատվել մի շարք պայմանավորվածություններ՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։
Նորայր Շողիկյան