ԱԱՏՄ Ֆեյսբուքի էջում հրապարակվել է ՀՀ պարետի 2020 թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշումը, որը սահմանում է անվտանգության կանոնները ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում:
Աշխատանքի ընդհանուր կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է․
• Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները և ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ անխուսափելիության դեպքում դրանք անցկացվում են առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ:
• Ուսումնական կենտրոնն ապահովվում է աշխատակիցների հաշվարկով դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն 1 շաբաթվա պաշարով, հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով։
Ուսումնական գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է.
• Դասընթացների տեսական մասն իրականացվում է բացառապես հեռավար եղանակով:
• Գործնական պարապմունքները, խմբային աշխատանքներն ու թեստավորումը կարող են իրականացվել առկա, եթե հեռավար կերպով դրանք անցկացնել հնարավոր չէ:
• Առկա եղանակով նշված աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է ապահովել՝
ա. 20 քմ տարածքի հաշվով դասընթացի առավելագույնը 10 մասնակցի միաժամանակյա ներկայություն.
բ. դասասեղանների միջև 1.5 մետր հեռավորություն.
գ. յուրաքանչյուր դասասեղանին 1 մասնակցի խաչաձև նստեցում։
Անձնակազմի համար մասնավորապես սահմանվել է.
• Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով:
• Աշխատողները պարտադիր կրում են դիմակ:
• Ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք:
Մասնակիցների համար, մասնավորապես, սահմանվել է.
• Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով:
• Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։