Ապրիլյան պատերազմում հաղթանակ է տարել հայ զինվորը, հայ սպան։ «Ա1+»-ի հետ զրույցում պնդեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթանակ է տարել։
«Մենք ունեցել ենք և՛ հաղթանակ, և՛ պարտություն։ Մեր պարտությունը այն կորսված տարածքներն են, որոնք Սերժ Սարգսյանի բննորոշմամբ ոչ պիտանի տարածքներ էին, բայց մեր հաղթանակն էր նոր կյանք մտնող երիտասարդների կյանքի հաշվին հերոսական պայքարը»։
Հովսեփյանն ասաց՝ սպասում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին՝ այնտեղ գտնելու համար նաև իր հարցերի պատասխանները․
«Ինչո՞ւ պիտի մեր հետախուզությունը թերանար, քանի՞ օր է թերացել, և հարց է՝ թերացել են, թե չէ, որովհետև, այնուամենայնիվ, մեր հետախուզությունը համարվում է լավագույնը, ինչո՞ւ պիտի թերանար, ինչո՞ւ բոլոր ժամանակներում մեր հետախույզները չեն թերացել»։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն պնդումներին, թե արդեն 4 տարի տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին, պատգամավորը պնդեց՝ որևէ մեկը չի կարող ժխտել, որ վառելիքի մասսայական վաճառք է եղել, գողություններ են եղել, այն, որ փամփուշտները քիչ եղել, վկայել են զինվորները, իսկ 80-ականների զենքերով կռվելու փաստը հաստատել է նաև Սերժ Սարգսյանը․
«Այն, որ բանակում չի եղել խրամատ փորելու բահ, պարոն Սարգսյանը չի կարող հերքել, ամիսներով ես իմ թիմի հետ բահեր ենք մատակարարել, այն, որ չեն եղել մի շարք տեխնիկական սարքեր, դա ևս կարող եմ փաստել»։
Ինչ վերաբերում է պատերազմի անսպասելիության հարցին, Հովսեփյանն ասում է․
«Երբ ասում են՝ պատերազմը եղել է անսպասելի, մի փոքր ծիծաղելի է, իսկ մեր երկրում պատերազմն ավարտվե՞լ էր, որ հարձակումն անսպասելի է եղել, ամեն օր կրակոցները կար, ամեն օր զոհեր կային, բայց լայնամասշտաբ նախապատրաստական գործողությունները հենց այնպես չեղան, մի օրում որոշեցի՞ն, մտան Թալիշ գյուղ, մարդկանց սպանեցին, զինվորի գլուխ կտրեցին, երեխաներ սպանեցին և այլն, դրա հանկարծակի ասվածը անհասկանալի է, առավել ևս, երբ դրա մասին խոսում է պատերազմով անցած մարդը»։
Հովսեփյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի բարձրացրած այն հարցին, թե Տավուշում ո՞ր սխրագործությունների համար են 71 հոգու պարգևատրում «Մարտական խաչ»-ով։
«Այս անգամ պետերազմը այնպիսին է եղել, որ որևէ մեկը չի խառնվել՝ ով է արժանի, կորպուսի հրամանատարը ինքն է գնահատել իր զինվորների գործողությունները։ «Մարտական խաչ»-ի արժանացել են ոչ միան տավուշյան գործողությունների, այլ նաև նախապատրաստական աշխատանքների համար»։
Հովսեփյանը հիշեցնում է՝ մինչ այսօր իրենց դիմում են Ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորներ, որոնց զինգրքույկներում այդ մասին նույնիսկ նշված չէ, և որևէ արտոնությունից օգտվել չեն կարողանում։