Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2012թ. օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը երկու նոր առաջարկ է ներկայացրել ԱԺ ամսական ցմահ պատվո վճար տրամադրելու վերաբերյալ:
«Արմենպրեսի» հաղորդմամբ` Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամսական ցմահ պատվո վճար տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում մշտական բնակվող այն մարզիչներին (հավաքականի գլխավոր մարզիչ և անձնական մարզիչ), ովքեր իրենց գործունեության ընթացքում պատրաստել են Օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ և մրցանակակիրներ, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի և շախմատի աշխարհի չեմպիոններ։ Առաջարկել եմ գնահատել յուրաքանչյուր մարզչի գրանցած երկու լավագույն արդյունքը և պատվո վճարի չափ սահմանել այդ երկուսի հանրագումարը։
Որպես պատվովճարի չափ առաջարկել եմ.
- Օլիմպիական չեմպիոնի հավաքականի գլխավոր մարզչին, անձնական մարզչին- 100 000 դր.
2. ՕԽ-ի 2-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 70 000դր.
3. ՕԽ-ի 3-րդ մրցանակակրի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50 000դր.
4. Աշխարհի չեմպիոնի հավաքականի գլխ. մարզչին, անձնական մարզչին- 50 000դր.
☑️Կարծում եմ, այս առաջարկի ընդունումը կարևոր ուղերձ կլինի մարզաշխարհին առ այն, որ մարզիչ-մանկավարժի մասնագիտությունն ու գործունեությունը շատ կարևորվում է ՀՀ-ում։ Սա կլինի նաև ծանրակշիռ աջակցություն՝ ուղղված մարզիչ-մանկավարժների սոցիալական վիճակի բարելավմանը։
Ամենամսյա թոշակ նշանակել Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (անհատական և թիմային), ինչպես նաև շախմատ մարզաձևի մեծահասակների ՀՀ առաջնության չեմպիոններին մեկ տարի ժամկետով՝ մինչև հաջորդ տարվա ՀՀ առաջնությունը։ Որպես ամենամսյա թոշակի չափ առաջարկել եմ սահմանել 50 000 դր.։
☑️Կարծում եմ, նման մոտեցումը կարևոր խթան կհանդիսանա հատկապես դեռևս ոչ տիտղոսակիր մարզիկների համար, ովքեր հիմնականում եկամտի այլ աղբյուր չունեն, և հնարավորություն կընձեռի վերջիններիս ինչ-որ չափով հոգալ սպորտային նվազագույն կարիքները։
Այն նաև էլ ավելի կբարձրացնի ՀՀ առաջնության դերակատարությունն ու կարևորությունը մարզիկների համար»:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը