Արտակարգ դեպք Հրազդանի դատարանում․ անձի առևանգման մեջ 37-ամյա մեղադրվողը պատուհանից իրեն ցած է նետել և դիմել փախուստի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 20-ին փախուստի դեպք է տեղի ունեցել դատարանի դահլիճից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։20-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրից փախուստի է դիմել Դիլիջան քաղաքի բանկիչ 37-ամյա Էդգար Ա․-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան դատարան էին տեղափոխել անձի առևանգում մեղադրանքով, և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես կալանք խափանման միջոց կիրառեր։ Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշումը հրապարակում է, և որոշման օրինակը ստանալուց հետո դատարանի կարգադրիչների ներկայությամբ դատական նիստերի դահլիճից դեպի շենքի հետնամաս նայող պատուհանից Էդգար Ա․-ն իրեն ցած է նետում և դիմում փախուստի։ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և փախուստի դիմածին հայտնաբերելուց հետո պետք է տեղափոխեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com