ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փակել է ֆեյսբուքյան անձնական եւ պաշտոնական էջերը

 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջն այլեւս հասանելի չէ, ավելի վաղ նախարարը փակել էր նաեւ ֆեյսբուքյան անձնական էջը:

Մեզ հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու էջերն այլեւս հասանելի չեն: Նա միայն նշեց, որ նախարարի ֆեյսբուքյան անձնական էջը շուրջ 5 ամիս է՝ փակված է:

Նիկողոսյանը նաեւ չպատասխանեց այն հարցին, թե էջերը փակելն արդյոք կարո՞ղ է կապ ունենալ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Միասյանի դատական հայցի հետ:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Արա Մինասյանի հայցն ընդդեմ Թորոսյանի ու նախարարության՝ պարտավորեցնելով Թորոսյանին ներողություն խնդրել ու հերքել զրպարտություն համարվող տվյալները:

Վերոնշյալ ԲԿ-ի տնօրենը պաշտոնից ազատվել էր 2018 թվականին՝ հաստատությունում իրականացված ուսումնասիրություններից հետո: Թորոսյանը հայտնաբերված չարաշահումներին անդրադարձել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ այն վերնագրելով «Տուշոնկեքի մասին»: 

«Մենք ստուգում ենք 2016-2017 թթ. եւ 2018-ի մի մասը, պատկերացրեք՝ եթե ավելի հետ գնանք, ապա այդ գումարները արդեն հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի, կազմակերպված խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական, ու այդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի իր աթոռից»,- իր խոսքում նշել էր նա:

Դրանից հետո Մինասյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ հերքվեն Թորոսյանի հրապարակային արտահայտությունները:

Առողջապահության նախարարը, սակայն, այդպես էլ ներողություն չխնդրեց: Ավելի վաղ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր, որ ինչ ասել էր նախորդ ուղիղ եթերի ժամանակ, կրկնում է ու նորից կասի՝ մեր դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնության համակրանքը եւ կարիք ունի բարեկարգումների:

armtines.con