Բելառուսի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը «հակապետական խորհրդանիշով ութ օդապարիկ են որսացել», որոնք, ինչպես հաղորդվում է, արձակվել են Լիտվայի տարածքից, գրում է meduza.io կայքը՝ հղում տալով Բելառուսի պաշտպանության նախարարության հայտարարությանը։
Պաշտպանական գերատեսչության հավաստմամբ՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, օդապարիկները փորձել են խախտել Բելառուսի օդային տարածքն Օշմյանսկի շրջանում, որը սահմանակցում է Լիտվային։
«ՄԻ-24 ուղղաթիռների անձնակազմի վճռորոշ գործողությունների շնորհիվ օդապարիկների թռիչքը կանխվել է առանց զենքի գործադրման»,-ասվում է երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը չի մանրամասնել, թե ինչ տեսակի «հակապետական խորհրդանիշի» մասին է խոսքը։ Բելառուսական «Чай з варэннем» թվիթերյան էջում լուսանկար է հրապարակվել, որից դատելով՝ օդապարիկների վրա սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշն է եղել, որը բելառուսներն օգտագործում են նախագահի ընտրություններից հետո սկսված ցույցերի ընթացքում։
Բելառուսի պաշտպանության նախարարությունը կատարվածը «Լիտվայի Հանրապետության կողմից սադրանք» է որակել։ Նշվում է, որ զինվորականները «համապատասխան նյութերը» երկրի արտգործնախարարություն են ուղարկել՝ լիտվական կողմին այս առնչությամբ նոտա հղելու համար։
auroranews.am