ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 35-ամյա բնակչին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 35-ամյա բնակիչը 2019թ. մարտի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, նույն մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում իրականացնելով իր կողմից վարած «Մերսեդես Բենս 190Ե» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում՝ խախտելով տվյալ ճանապարհահատվածում երթևեկության համար սահմանված թույլատրելի արագությունը, իր երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած ժամանակին չի դիմել արգելակման, ինչի արդյունքում բախվել է շրջադարձ կատարող վերոնշյալ գյուղի 73-ամյա բնակչի կողմից վարած «Մերսեդես Բենս Ց180» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում՝ 35-ամյա տղամարդը, ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, Սարդարապատ գյուղի 73-ամյա բնակչին անզգուշությամբ պատճառել է մահ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 35-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: