Լիբանանահայ բժիշկները իրենց մասնագիտությամբ աշխատանքի կանցնեն Արցախում. Զարեհ Սինանյան

Լիբանանից Արցախ ժամանած 2 բժիշկների ընտանիքների կեցության հարցը շուտով լուծվելու է. նրանք այժմ հյուրանոցում են, սակայն կարճ ժամանակահատվածում վերանորոգվելու են նրանց կացարանները: Արցախի Հանրապետության կառավարությունը հայրենադարձ բժիշկներին նաև աշխատանքով է ապահովելու: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը երեկ տեղեկացրել էր, որ երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակություն են հաստատել Արցախի Շուշի քաղաքում: Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել 100-150 լիբանանահայ ընտանիքի ընդունել: ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Լիբանանում ստեղծված իրավիճակին երեկ ընդգծել է, որ տեղի  հայ համայնքի խնդիրների լուծման գործում շատ կարևոր է համահայկական ջանքերի ներդրումը:

-Պարո՛ն Սինանյան, լիբանանահայ ընտանիքների որոշո՞ւմն է եղել Արցախում բնակվելը:

Միանշանակ իրենց որոշումն է եղել: Արցախի Հանրապետությունը, տեղյակ լինելով, որ լիբանանահայ մեր որոշ հայրենակիցներ որոշել են տեղափոխվել հայրենիք, նրանց առաջարկ է արել, որ պատրաստ է իրենց ընդունել և լավ պայմաններ ստեղծել իրենց կեցության համար, և ոմանք սկսել են արձագանքել:

-Արդեն լուծվե ՞լ է Արցախ ժամանած բժիշկների կեցության հարցը:

— Կեցության հարցը անցումային փուլում է: Գիտենք, որ նրանք արդեն գտնվում են Շուշիում: Որքանով  մենք տեղյակ ենք՝  այս պահին հյուրանոցում են մնում, մինչև  կացարանները վերանորոգվեն և պատրաստ լինեն իրենց ընդունելու: Խոսքը կարճ ժամկետի մասին է:

-Ինչպե ՞ս է լուծվելու հայրենադարձ ընտանիքների աշխատանքի, կրթության հարցը:

— Որքան հասկացա Արցախի կառավարությունը արդեն լուծել է աշխատանքի  հարցը: Նրանք բժիշկ են և իրենց մասնագիտությամբ են աշխատելու Արցախում:

Պարոն Սինանյան, մե՞ծ է այն  լիբանանահայերի թիվը, ովքեր Հայաստան գալու ցանկություն են հայտնել:

— Այս պահին մենք կապի մեջ ենք բազում դիմորդների հետ: Մարդիկ, ընդհանուր առմամբ, ուզում են գալ Հայաստան: Մենք, իհարկե, տեղեկացնում ենք, որ Արցախ գնալը ևս տարբերակ է: Այս պահին մենք արձագանք ունենք 9 ընտանիքներից: Դեսպանատունը որոշ ժամանակով ընդհատել էր դիմումների ընդունումը, բայց երկուշաբթի օրվանից նորից հավաքագրում է դրանք: Մեզ դիմում են գրասենյակի միջոցով, սոցիալական մեդիայով՝ ֆեյսբուքով, ինստագրամով, այսնիքն՝ մտքներովդ ինչ ֆորմատ որ անցնի, մարդիկ դիմում են Հայաստան գալու համար:

-Այդ դիմումները ընթացքի մեջ ե ՞ն գտնվում:

Դիմումները ընթացքի մեջ են, մենք թիմ ունենք, որը զուտ այս խնդրով է զբաղվում:  Բոլորի հետ աշխատում ենք, պարզում ենք մանրամասները, ուզում ենք հասկանալ՝ ինչ պայմաններ ունեն, ինչպե ՞ս են ուզում գալ, գալուց ի ՞նչ ակնկալիքներ ունեն և այլն:

-Եթե լիբանանահայերի ներգաղթ սկսվի դեպի Հայաստան, պետությունը պատրաստ կլինի ՞ օգնելու մեր բոլոր հայրենակիցներին:

— Ինչպես տեղյակ եք, մենք աշխատում ենք աջակցության փաթեթի վրա, որը, ըստ վարչապետի հանձնարարականի՝ պետք է շրջանառության մեջ դնենք սեպտմբերի 1-ին: Այդ փաթեթը մեզ հնարավորություն կտա հավուր պատշաճի, արժանապատիվ ձևով ընդունել մեր այն լիբանանահայ հայրենակիցներին, որոնք որոշել են Լիբանանից մեկնել և որոշել են գալ հայրենիք:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահագստին և վարչական շրջանի զգալի մասին ծանրագույն վնաս հասցրած ու ավելի քան հարյուր մարդու կյանք խլած հուժկու պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին:

ՆԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

armtimes.com