Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որեւէ հիմք չկա. Արգիշտի Քյարամյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազգային անվտանգության ծառայություն կանչելու որեւէ հիմք չկա:

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ այս մասին քիչ առաջ ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Հիշեցնենք՝ մամուլը տեւական ժամանակ գրում է Թորոսյանի հրաժարականի, ինչպես նաեւ՝ ԱԱԾ կանչվելու մասին, ինչը, սակայն, պարբերաբար հերքվում է:

Անդրադառնալով նախքան ԱԱԾ տնօրեն նշանակվելը Քննչական կոմիտեի նախագահ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու հանգամանքներին՝ Քյարամյանն ասաց, որ այդ հարցերը ամբողջությամբ պարզաբանվել են, տեխնիկական խնդիրներ են:

Նա հերքեց նաեւ լրագրողի այն դիտարկումը, թե իր նշանակումից հետո ԱԱԾ-ում կադրային արտահոսք է եղել:

Քյարամյանը ներողություն խնդրեց՝ լրագրողների մյուս հարցերին չպատասխանելու համար. «ԱԱԾ սպեցիֆիկան այդպիսին է. այն ինֆորմացիան, որ կարողանում ենք տրամադրել թափանցիկ քաղաքականություն վարելու տեսանկյունից, մեր մամուլի ծառայությունը համապատասխան մեխանիզմներով արդեն իսկ տրամադրել է»,- ասաց նա:

 

armtimes.com