Դասերը՝ հիբրիդային եղանակով, սեպտեմբերից ու նաեւ երեք հերթով. ինչ պայմաններում են բուհերը վերաբացելու իրենց դռները

Ի տարբերություն դպրոցների՝ բուհերում դասերը կիրականանան հիբրիդային եղանակով՝ հեռավարի եւ առկայի համադրությամբ: Առկա դասերի ժամանակ ուսանողներն էլ դպրոցականների նման ամբողջ ընթացքում դիմակներ կդնեն: Սեպտեմբերի սկզբում դասապրոցեսը կսկսվի միայն բակալավրի առաջին կուրսեցիների համար, մնացածները կմիանան սեպտեմբերի 15-ից:

Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) առաջին կուրսեցիներին կդիմավորեն սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն ֆակուլտետների կողմից տրված ժամանակացույցի: Բուհի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր ֆակուլտետ կարող է ընտրել առաջին կուրսեցիներին դիմավորելու համար օր: Մնացած տեղեկատվությունը՝ ժամը քանիսին որ մասնաշենքի, որ լսարանում է պետք լինել, ուսանողները կիմանան նախապես՝ իրենց համար ստեղծված էլեկտրոնային հասցեների միջոցով:

Դասերը կլինեն առկա եւ հեռավար, սակայն չեն խանգարի մեկը մյուսին: Այսինքն՝ չի լինի այնպես, որ ուսանողը համալսարանում դասն ավարտելուց հետո շտապի տուն՝ հեռավար դասին հասնելու համար: Հարցը կկարգավորվի այնպես, որ համալսարանում ուսանողները կանցկացնեն 3 ժամ, առկայի եւ հեռավարի համար կլինեն առանձին օրեր:

«Առկա դասընթացները կազմակերպելու ենք շաբաթական 2 օր, մնացած  բոլոր օրերին դասընթացները հեռավար ձեւաչափով են լինելու»,- նշեց Ասրիյանը: Յուրաքանչյուր ֆակուլտետի կողմից ընտրվելու են շաբաթվա մեջ որեւէ երկու օր: Առկա դասերը կտեւեն 60 րոպե, իսկ հեռավարը՝ 80: Նշենք, որ նախկինում 1 դասի տեւողությունը 80 րոպե էր: Ի դեպ այս տարվա փոփոխությամբ դասերը ԵՊՀ-ում կմեկնարկեն առավոտյան ժամը 10.00-ից (նախկինում 9.30):

«Հեռավար դասընթացները անցկացվելու են բացառապես մեր համալսարանական e-learning հարթակում, որտեղ ինտեգրված ունենք եւ Moodle-ը եւ Zoom-ը, իրենց բոլոր հասանելի  գործիքներով»,- նշեց Ասրիյանը: Նա հավելեց, որ դասախոսներին նախապես վերապատրաստել են, որպեսզի կարողանան հարթակից օգտվել: Ուսանողների համար եւս կլինեն ծանոթացնող հոլովակներ, թեեւ պրոռեկտորի խոսքով՝ բարձր կուրսեցիներն արդեն ծանոթ են հարթակին:

ԵՊՀ-ում մեծաքանակ ուսանողներով պայմանավորված՝ դասերը նախկինում էլ եղել են հերթափոխով: Այն այս անգամ էլ դա կարող է պահպանվել:

Ի տարբերություն ԵՊՀ-ի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում  (ՀՊՏՀ) դասերի տեւողությունը կլինի 70 րոպե (նախկինում 80 րոպե էր): Առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի 3 հերթով, կրկին՝ հիբրիդային եղանակով:

Ինչպես նշված է բուհի ֆեյսբուքյան էջում, առկա բակալավրիատի եւ առկա մագիստրատուրայի բոլոր կուրսերի դասախոսությունները կանցկացվեն առցանց։

Դրանք կկազմակերպվեն միասնական գործիքով (zoom, google meet) եւ դասախոսությունների հղումներն կամրակցվեն հաստատված դասացուցակին։ Ուսումնական գործընթացի կազմակերպման հերթափոխերը կկազմակերպվեն այնպես, որ կուտակնումներ չլինեն:

Առցանց դասախոսություններին ուսանողները պարտավոր են ամբողջ ընթացքում միացրած վիճակում թողնել տեսակապը, իրենց օգտահաշիվները բացել իրենց անուն-ազգանուններով։

Ըստ ՀՊՏՀ տարածած հայտարարարության՝ կպահպանվեն համաճարակային կանոնները. համալսարան մուտք գործելիս կկատարվի ուսանողների անհատական ջերմաչափում, իսկ սոցիալական հեռավորությունը ուսանողները կպահպանեն՝ կանգնելով համալսարանի մուտքերի առջեւ արված գծանշումների մոտ:

Դասերի վերսկսման նոր կարգին ծանոթացնող փաստաթուղթ է հրապարակվել նաեւ Երեւանի պետական բշժկական համալսարանի ֆեյսբուքյան էջում: Այնտեղ եւս դասապրոցեսն իրականանալու է հիբրիդային եղանակով: Դասերը հեռավար իրականացնելու դեպքում՝ ուսանողները համապատասխան հարթակում պետք է գրանցված լինեն իրենց խմբի համարներով, անուն, ազգանուններով, ներկա լինեն միացրած տեսախցիկով, որը կարող են անջատել միայն դասախոսի թույլտվությամբ։ Նախորդող եւ հաջորդող 40 րոպե դասերի միջեւ սահմանվում է 3-ից 5 րոպե ընդմիջում՝ դասը վերսկսելու նպատակով։

Հիբրիդային դասերին ուսանողի մասնակցությունն ամրագրվում է էլեկտրոնային պատճենահանման (Screen Shot) միջոցով եւ խմբի մատյանում գրավոր նշումներով:

Ըստ փաստաթղթի՝ բոլոր կուրսերի առցանց պարապմունքների ընթացքում, ելնելով առարկայի առանձնահատկություններից, պարտադիր է մասնագիտական տեսաֆիլմերի, անիմացիաների, թեմատիկ նկարների, մորֆոլոգիական պրեպարատների կիրառումը, հիվանդության պատմագրերի, իրավիճակային խնդիրների, դեպքերի ներկայացումը եւ վերլուծությունը։

 

 

 

 

 

armtimes.com