Վան քաղաքից 26 կմ հեռավորության վրա գտնվող Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) հայտնաբերված նեկրոպոլի (դամբարանադաշտ) տարածքում թուրքերը շարունակում են պեղումներ իրականացնել:
Թուրքիայի Մշակույթի և տուրիզմի նախարարության արտոնությամբ Սարդուրի 2-րդի կառուցած բերդի տարածքում իրականացվող պեղումները գլխավորում է Վանի «100-րդ տարի» համալսարանի Հնագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն:
3-րդ տարին շարունակվող պեղումների արդյունքում նախկինում հայտնաբերված 2750 տարվա գերեզմանների ուսումնասիրությամբ ուրարտական պետության այդ հատվածում հայտնաբերվել էին թաղումն իրականացնելու 4 ձևեր: Դրանցից առաջինը՝ դիակիզումից հետո մոխիրը կճուճի (սափորի) մեջ դնելով թաղելու ձևն է, երկրորդը՝ դամբարաններն են, երրորդը՝ զարդանախշ սենյակի տեսք ունեցող գերեզմանները և չորորդը՝ ուղղակի հողի մեջ թաղելը:
Շարունակվող պեղումների արդյունքում օրերս հայտնաբերվել է հուղարկավորության 5-րդ տարբերակը: 50քմ տարածքում հայտնաբերված գերեզմանները գրեթե ամբողջությամբ կառուցված են ավազաքարերից: Նոր հայտնաբերված 5-րդ ձևով ենթադրաբար թաղել են կառավարիչներին: Նշվում է, որ այդ գերեզմաններն ունեն ավազաքարերից շինված ցուցանակներ, որոնք կարող են հասնել 1-ից 4 հատի: Աշխատանքները ղեկավարող թուրք պրոֆեսորի խոսքով իրենք առաջին անգամ են հանդիպում կանգնեցված գերեզմանաքարերով ուրարտական շրջանի գերեզմանների:
Չավուշօղլուն ավելացրել է նաև, որ այս ձևով կառուցված գերեզմաններում հանգուցյալների թաղումը կատարվել է ինչպես դիակիզման եղանակով այնպես էլ սովորական եղանակով:
Հիշեցնենք, որ ըստ ավանդության՝ Հայկաբերդն այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո Հայկ նահապետը հիմնել է Հայք դաստակերտը, որ անունով էլ շրջակա տարածքը կոչվել է Հայոց ձոր։ Ավելի ուշ Վանի հայկական թագավորության արքա Սարդուրի 2-րդը կառուցել է բերդը՝ անվանելով այն Սարդուրիխինիլի։
ermenihaber.am